Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Փետրվարի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։

«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաև տնտեսական, սոցիալական և հումանիտար բնույթի մի շարք հարցերի»,- գրել է նա։

Արման Մուսինյանի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը և ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Փետրվարի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, իսկ հունվարի 25-ին՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: