Փետրվարի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում Արա Այվազյանը ամերիկացի պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել է հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության վրա:
«Երկուստեք ընդգծվեց ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչը հստակորեն ամրագրված է համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 3-ին արված հայտարարությամբ: Նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորեց այլատյացության դեմ պայքարի ուղղությամբ ջանքերի բազմապատկումը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար, այդ թվում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնումը բացառելու միջոցով»,- նշված է հաղորդագրությունում։