Տղամարդը անհետ կորած զինվորի հորից 3 000 դոլար է ուզել

Տղամարդը ներկայացել է հատուկ ծառայությունների հետ կապեր ունեցող անձնավորություն և անհետ կորած զինվորի հորից 3 000 դոլար է ուզել որդուն իբր Հայաստան տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Ա. Հ.-ն տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Ս. Խ.-ն մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին՝ անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021 թվականի փետրվարի 3-ին վերջինիս հորը՝ Հ. Խ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես հատուկ ծառայությունների պաշտոնատար անձանց հետ կապեր ունեցող անձնավորություն՝ հայտնելով, թե իբր նրանց միջոցով ճշտել է, որ որդին գտնվում է Բաքու քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ երկրորդ երկիր, իսկ այնուհետ ՀՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին տալ 3 000 ԱՄՆ դոլար կաշառք: Միաժամանակ, Ս. Խ.-ի տեղափոխման առաջին փուլը կազմակերպելու, այն է՝ Բաքու քաղաքից երկրորդ երկիր տեղափոխելու պատրվակով Ա. Հ.-ն վերջինիս հորից պահանջել է 1 000 ԱՄՆ դոլար»,- ասվում է հաղորդագրությունում։

Փետրվարի 5-ին նշված 1 000 դոլարը վերցնելուց անմիջապես հետո տղամարդը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Նա ձերբակալվել է, այնուհետև՝ դատարանի որոշմամբ կալանավորվել։

Մեկնաբանել