Կայացել է ապաշրջափակման եռակողմ փորձագիտական ենթախմբի նիստը

Փետրվարի 6–ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։ Այս մասին հայտնում է Հայաստանի տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերը փոխանակվել են վերոհիշյալ հարցերի առնչությամբ նախնական տեսակետներով։ Հանդիպման արդյունքներով ենթախմբերը կշարունակեն փորձագիտական գնահատման շուրջ հետագա քննարկումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։

Ավելի վաղ ՍիվիլՆեթը հայտնել էր, որ տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով փորձագիտական երկու ենթախումբ է գործելու։ Հայտնի է, թե ովքեր են հայկական կողմից ներգրավվելու ապաշրջափակման փորձագիտական ենթախմբերում։

Հունվարի 30-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում էին կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր։