Երևանի մանկապարտեզներում հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել, որի հետևանքով հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ուսումնական տարում սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը, որի հետևանքով էլ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա:

Քաղաքապետարանից հայտնում են, որ խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է քննարկումներ պետական լիազոր գերատեսչությունների հետ, որոնց արդյունքում սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն:

«Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը և պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը՝ զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ, 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն, ծնողներից մեկը մահացած է: Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է հերթագրված երեխաների ընդունելությանը, Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Այն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն: Այս դեպքում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ: Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ հերթագրման օրվա հաջորդականության: Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, երեխաների ընդունելությունը կկատարվի հերթագրման հաջորդականությամբ»։

Քաղաքային իշխանությունները նաև հայտնում են, որ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն, և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը կփոխվի:

Մեկնաբանել