Երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները, կարծում է Փաշինյանը

Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր․ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում:  

«Կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր:

Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է:

Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային»,- հայտարարել է Փաշինյանը։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը 750 միլիոն դոլարի պարտատոմս է թողարկել՝ 3,8 տոկոսով։