Երևանում կհիմնանորոգվի 12 և կկառուցվի 3 նոր մանկապարտեզ

Երևանի ավագանին այսօրվա՝ փետրվարի 9-ի, նիստում հաստատել է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում, իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ ծրագրի արժեքը 15 մլն եվրո է։

«Ծրագրով այս պահին նախատեսված է 12 մանկապարտեզ հիմնանորոգել։ Եվս 3 մանկապարտեզի փոխարեն կառուցվի նոր մանկապարտեզներ, քանի որ ֆինանսական տեսակետից նորի կառուցումն ավելի նպատակահարմար է»,- հայտնեց փոխքաղաքապետը։

Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ 2020 թ․ ընթացքում համայնքի միջոցներով վերանորոգվել է 11 մանկապարտեզ․ «Այդ 11 մանկապարտեզից 9-ն արդեն շահագործման է հանձնված, 2 մանկապարտեզը շահագործման կհանձնվի մոտակա օրերի ընթացքում»,- ասաց նա։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել, որի հետևանքով հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը: Ուսումնական տարում սահմանափակված էր նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը, որի հետևանքով էլ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա: