Պաշտպանության նախարարությունը չի պատասխանում պատերազմի մասին ՍիվիլՆեթի հարցերին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը արցախյան վերջին պատերազմի հետևանքով առաջացած հարցերին որոշել է չպատասխանել։ Սիվիլնեթը նոյեմբերից ի վեր բազմաթիվ հարցումներ է հղել այդ գերատեսչությանը։ Ի պատասխան՝ նախարարության կողմից մեջբերվել են մի շարք օրենքներ՝ հիմնավորումներով, թե ինչու չեն կարող պատասխանել այդ հարցերին։

Նոյեմբերի 25-ին Սիվիլնեթը պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել էր․

1. ՊՆ-ն ի՞նչ ծավալի գումար է ծախսել անօդաչու թռչող սարքի մեկ համալիրի արտադրության վրա։

2. ՀՀ-ում քանի՞ ԱԹՍ է արտադրվել։

3. Արդյոք հայկական արտադրության ԱԹՍ-ներ կիրառվե՞լ են Արցախյան վերջին պատերազմի ժամանակ։ Եթե չեն կիրառվել, ի՞նչ հիմնավորմամբ։

4. Ինչո՞ւ ՀՀ-ն չի գնել արտասահմանյան արտադրության ԱԹՍ-ներ։

5. Ի՞նչ արդյունքներ են գրանցել ԱԹՍ-ները վերջին պատերազմում։

Բոլոր այս հարցերին ի պատասխան պաշտպանության նախարարությունը պատասխանել է մեկ նախադասությամբ՝ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ դրանք համարվում են պետական և ծառայողական գաղտնիք՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն։

Հունվարի 21-ին Սիվիլնեթը պաշտպանության նախարարությանը գրավոր հարցեր է ուղղել ադրբեջանական զինուժի կողմից Շուշիի գրավման վերաբերյալ։ Մասնավորապես․

1. Ի՞նչ հատուկ գործողությունների և զինատեսակների կիրառմամբ է Ադրբեջանը ձեռնարկել հարձակում Շուշիի ուղղությամբ։

2. Ո՞ւմ է վստահվել քաղաքի պաշտպանությունը, ովքե՞ր են եղել հրամանատարական կազմում։

3. Ե՞րբ է ադրբեջանական զինուժը մուտք գործել Շուշի։

ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը դարձյալ մեկ նախադասությամբ պատասխանել է՝ այդ տեղեկությունները պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք։ Այսինքն, տեղեկությունը, թե երբ է գրավվել Շուշին, հանդիսանում է գաղտնիք։ Թե ովքեր են ստանձնել քաղաքի պաշտպանությունը, ևս գաղտնիք է։

Հունվարի 20-ին Սիվիլնեթը մեկ այլ գրավոր հարցում էր ուղարկել պաշտպանական գերատեսչություն՝ տեղեկանալու․

1. Պատերազմի հետևանքով վիրավորված քանի՞ զինծառայողի դեպքում հնարավոր չէ վերջիններիս բուժումը կազմակերպել ՀՀ-ում՝ բուժսարքավորումների և/կամ համապատասխան բուժանձնակազմի բացակայության պատճառով։

2. Համապատասխան բուժումներն ապահովելու համար ի՞նչ բուժսարքավորումներ են անհրաժեշտ և ի՞նչ արժեք ունեն դրանք։

3. Հայաստանում բուժման անհնարինության դեպքում վիրավորների՝ արտերկում բուժումն ապահովելու համար ի՞նչ միջոցառումներ է իրականացնում կառավարությունը։

Արթուր Սարգսյանն այս անգամ որոշել է տեղեկատվությունը «մասնակի» տրամադրել՝ նախ տեղյակ պահելով հայցվող տեղեկատվության տրամադրման սահմանափակումների վերաբերյալ, ապա հայտնելով, որ եթե մարտական հերթապահության կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի վնասվածքի բուժումը հնարավոր չէ կազմակերպել ՀՀ-ում, ապա համապատասխան որոշմամբ այն կազմակերպվում է արտասահմանում։ ՊՆ-ն թաքցրել է տեղեկությունը, թե քանի զինծառայող կարիք ունի արտասահմանում բուժում ստանալու, ի՞նչ սարքավորումներ են անհրաժեշտ ՀՀ-ում բուժման կուրսերը սպասարկելու համար և այլն։

2020-ի նոյեմբերի 20-ին պաշտպանության նախարար դարձավ Վաղարշակ Հարությունյանը։ Մինչ այս պահը նա որևէ ճեպազրույց կամ ասուլիս չի հրավիրել, որևէ հարցի բովանդակային չի պատասխանել։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել