Բրիտանիան պատրաստ է խորացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ հարաբերությունները՝ նկատելով, որ Ադրբեջանում արդեն շուրջ 600 բրիտանական գրանցված ընկերություն կա․ այդ մասին Ալիևը հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարևանության և Ամերիկաների հարցերով պետնախարար Վենդի Մորթոնին ընդունելիս:

«Ազատագրված տարածքների վերակառուցման համար մեծ ներուժ կա, և դրանից ելնելով՝ մենք արդեն կապվել ենք բրիտանական ընկերությունների հետ, որոնցից մեկն արդեն ներգրավվել է քաղաքաշինության, ենթակառուցվածքների զարգացման գործընթացներում, և հույս ունեմ, որ այդպիսի ընկերություների թիվը կավելանա»,- նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը կարևորել է նաև էներգետիկ ոլորտի համագործակցության հնարավորությունը՝ հավելելով, որ իրեն հայտնի է այդ ոլորտում բրիտանական ընկերությունների հետաքրքրվածության մասին: Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյան իր հերթին վերահաստատել է ադրբեջանական կողմի հետ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը։

Վենդի Մորթոնի այցը Ադրբեջան մեկնարկել է փետրվարի 8-ին, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Մեկնաբանել