2020թ․ շուրջ 10 հազարով ավելի մահ է գրանցվել՝ 2019 և 2018թթ․ համեմատ

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2020 թվականի վերջին կազմել է 2 964 100 մարդ։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Ըստ սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների՝ 2020թ․ սկզբում բնակչության թիվը կազմել է 2 959 700, տարեվերջին՝ 2 964 100 մարդ։ Պատկերը հակառակն է ինչպես 2019, այնպես էլ 2018 թթ․։ Այդ տարիներին մշտական բնակչության թիվը ոչ թե աճել է, այլ նվազել։ 2018թ․ տարեսկզբին մշտական բնակչության թիվը եղել է 2 972 700, տարեվերջին՝ 2 965 300 մարդ, իսկ 2019թ․ տարեսկզբին՝ 2 965 300, տարեվերջին՝ 2 959 700 հազար մարդ։ 

2020թ․ ցուցանիշը, երբ մշտական բնակչության թիվը աճել է, հավանաբար, պայմանավորված է սահմանների փակ լինելու, մինչև տարեվերջ շատ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանգամանքներով։

2020թ․ ընթացքում Հայաստանում ծնվել է 36 448 մարդ՝ 19 098  տղա, 17 350 աղջիկ։ Նախորդ տարի՝ 2019թ․ համեմատ ծնվել է 407-ով ավելի է երեխա։ 2020թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը ծնվածների շրջանում կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:

2020 թ․ մահացել է 35 371 մարդ, որը շուրջ 10 հազարով ավելի է 2019 և 2018 թվականների համեմատ։ Մասնավորապես՝ 2019թ․ մահացել էր 26 186, 2018թ․՝ 25 751 մարդ։ 

Ըստ սեռերի՝ 2020թ․ մահերի պատկերը հետևյալն է՝ արական 19 286, իգական՝ 16 085։ 

Մահերի աճի ցուցանիշի վրա մեծապես ազդել են կորոնավիրուսը և պատերազմը։ Նախորդ տարվա 2 291 դեպքերի գրանցումները զինվորական գործողությունների հետևանքով են, 3 405-ը՝ կորոնավիրուսի։ Սրանք 2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված գրանցումներն են։ Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները շարունակում են ամենից շատ մահվան պատճառը հանդիսանալ՝ 17 056 մարդ, երկրորդը՝ նորագույացություններից մահերն են՝ 5 449։

Ինքնասպանության և ինքնասպանության փորձերի թիվը ևս աճել է 2020թ․՝ 663 դեպք՝ 2019թ․ 613-ի համեմատ։ Նախորդ տարի ինքնասպանություն է գործել 183 մարդ, 2019 թ․ ինքնասպանության գնացել էր 153 անձ։

Մշտական բնակչության միջին տարիքը 2020թ. տարեսկզբի դրությամբ կազմել է 36,9 (2019թ.՝ 36,7) տարի, տղամարդկանց համար` 34,8 (2019թ.՝ 34,6), իսկ կանանց համար՝ 38,8 (2019թ.՝ 38,5 ) տարի:

Ամուսնությունների թիվը 2020թ․ նվազել է 3 382-ով՝ կազմելով 12 179։ Միևնույն ժամանակ 725-ով նվազել է ամուսնալուծությունների թիվը, ընդհանուր տարվա ընթացքում գրանցվել է 3 155 ամուսնալուծություն։ Հանրապետությունում 2020թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 259 դեպք՝ 2019թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 249-ի համեմատ:

Հակոբ Ասլանյան