ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Փետրվարի 10-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն հայտնել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և գոհունակությամբ նշել  ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը։

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է փոխգործակցության մի շարք խնդիրների և այդ առնչությամբ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին ներկայացրել իր դիտարկումները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Փետրվարի 10-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս հինգ գերի։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ հունվարի 28-ին Հայաստան էր վերադարձել հինգ գերի, նույն օրը Երևանից Բաքու էր փոխադրվել մեկ գերի։ Դեկտեմբերի 14-ին կրկին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց, Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 հայ գերի՝ 14 ադրբեջանցիների դիմաց։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի մասին պաշտոնական տվյալ չկա։