Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է Հայաստանի հետ երկաթուղային հաղոդակցություն հաստատել

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին: Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի (խորհրդարանի) միջազգային, միջխորհրդարանական կապերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Աստամուր Լոգուան։

«Նախաձեռնությունը մեր կոմիտեինն է։ Քանի որ մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում և այն հակամարտությանը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, և որը լուծվում է այդ ճանապարհով, մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը», – ասել է Լոգուան «Սպուտնիկ Աբխազիա» գործակալությանը։

Պատգամավորի խոսքով՝ Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել տարածաշրջանային մեծ նախագծերին, և ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը՝ Աբխազիան չպետք է անմասն մնա դրանից:

Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում տեղի են ունեցել ընդլայնված լսումներ, որոնց ընթացքում քննարկվել են տարբերակներ։

Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքներով կողմերը որոշել են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը տարածաշրջանային երկրների միջև: Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո, փաստացի, տարածաշրջանում ձևավորվում են հաղորդակցության ուղիների վերագործարկման, անգամ դրանց մրցակության նախադրյալներ: Ընդ որորում, ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլև Հայաստանի և Ռուսաստանի միջև Վրաստանի և Աբխազիայի տարածքներով:

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար արտաքին հաղորդակցության ուղիները հատուկ կարևորություն ունեն։ Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային ուղիների արժեքը, որոնք անցնում են Վրաստանի և Իրանի տարածքով, Երևանն առանձնապես սուր է զգացել ղարաբաղյան երկու պատերազմների ժամանակ։ Այդ առումով Իրանն ու Վրաստանը Հայաստանի համար «կյանքի ճանապարհներ» են։ Ներկայում Երևանը փորձում է վերականգնել և զարգացնել իր հաղորդակցային հնարավորությունները։ Բացի այդ, Հայաստանը շրջանցող տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացման պայմաններում Երևանը Հայաստան-Ռուսաստան երկաթուղու գործարկման ճանապարհով փորձում է դառնալ հյուսիսից հարավ երկաթուղային միջանցքի մի մասը:

Հատկանշական է, որ Ռուսաստանը և Վրաստանը դեռ 2017 թվականին պայմանավորվել են ձեռնամուխ լինել Վրաստանի և Ռուսաստանի միջև 2011 թվականին ստորագրված «Առևտրային միջանցքների մասին» պայմանագրի իրագործմանը Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով: Համաձայն այդ պայմանավորվածության՝ շվեյցարական SGS ընկերությունն է վերահսկելու Ռուսաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների և բեռների տեղափոխումը Աբխազիայի և Հարավային Օսիայի «առևտրային միջանցքներով»:

Արշալույս Մղդեսյան