Առողջապահության նախարարի հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ինչի արդյունքում մեղմացվել են որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հաղորդագրությունում ասվում է, որ նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելության կազմակերպում կարելի է իրականացնել հետևյալ դեպքերում.
– այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում
հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված,
– առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա
ունեցող կամ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար,
– կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող
երեխաների համար,
– սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար:
«Չնայած իրականացված փոփոխություններին և մեղմացումներին՝ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ առկա է հիվանդացության աճի միտում, վերարտադրության ցուցանիշը հունվարի 30-ից աճել է՝ 0.59-ից հասնելով մինչև 0.95։ Վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում, ինչպես նաև` Երևան քաղաքում»,- տեղեկացնում են գերատեսչությունից։
Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել, որի հետևանքով հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը: Ուսումնական տարում սահմանափակված էր նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը, որի հետևանքով էլ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա: