Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի․ Ռուդենկո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Նրանք կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն իրենց արտացոլումը գտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները Ադրբեջանին վերադարձնելուն, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործողությանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակմանը»,- նշել է Անդրեյ Ռուդենկոն։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ շարունակում է արդիական մնալ ԼՂ հիմնախնդրի համապարփակ քաղաքական կարգավորմանը հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի (1994թ.) որոշումներին համապատասխան դրված է Մինսկի խմբի համանախագահների վրա։

««Եռյակը» ունի հզոր միջազգային աջակցություն և կարող է օգտակար լինել հետագա քայլերի, այդ թվում ՝ կարգավիճակի հարցերի վերաբերյալ փոխընդունելի մոտեցումների մշակման գործում։ Բայց զգույշ, առանց շտապելու, երբ ժամանակը կգա։ Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։ Քաղաքացիական հասարակության շրջանակներում երկխոսության զարգացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ճանապարհով հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը»,- ասել է Ռուդենկոն: