Կայազորային պետություն և ռազմական քեյնսիականություն․ մտորումներ Հայաստանի ապագայի մասին

Եթե գերել ենք,

Լոկ մեր գրքերով.

Եթե տիրել ենք,

Լոկ մեր ձիրքերով…

Պարույր Սևակ, «Քիչ ենք, բայց հայ ենք»

Բավ են զեղումները։ Հաջորդ անգամ, երբ մենք հաղթանակ տանենք, դա կլինի մեր իսկ արտադրած ամենամահացու զենքով, որը կկիրառեն մեր՝ լավագույնս պատրաստ տղամարդիկ ու կանայք։

Հայաստանը նոր բանակի կարիք ունի։ Մեր նոր ազգային պաշտպանության նպատակը պետք է լինի բանակի վերականգնումը, որը կարող է պաշտպանել Հայաստանն ու Արցախի ժողովրդին առավել անգամ ամենալավ զինված հակառակորդից։

Այդ նպատակին հասնելու համար առաջիկա քսան տարիների ընթացքում մենք պետք է դառնանք բանակ, որն ունի երկիր, այլ ոչ թե երկիր, որն ունի բանակ։ Մեր ազգային անվտանգությունը պետք է լինի պետության առաջին, երկրորդ և երրորդ առաջնահերթությունը։ Ամբողջ ներքին քաղաքականությունը՝ սկսած կրթության, էներգետիկայի և սննդի անվտանգության ոլորտներից, պետք է դիտարկել ազգային անվտանգության դիտանկյունից։

Այս մոտեցումը երկու ակնհայտ կարևոր կողմ ունի. առաջինն այն է, որ չնայած առաջնահերթությունների այս փոփոխությանը, զինվորականները միշտ պետք է քաղաքացիական և ժողովրդավարական կառավարման ենթակա լինեն։ Պակաս կարևոր չէ նաև, որ այդ վերակողմնորոշումը պետք է ոչ թե հյուծի մեր ազգային տնտեսական ռեսուրսները, այլ փաստացի լինի աճող տնտեսության հիմքը։ Սա կերաշխավորի, որ մենք վերադարձնենք արդյունաբերությունը, գիտությունը և հետազոտությունները։

Մենք պետք է դառնանք բանակ, որն ունի երկիր, այլ ոչ թե երկիր, որն ունի բանակ

Մենք պետք է սկսենք Արցախյան երկրորդ պատերազմում մեր ձախողումների լուրջ վերլուծությունից։ ՄԵԶ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՊԵՏՔ։ Մեր անհաջողությունների վերլուծությունը կծնի չափազանց կարևոր առաջարկներ բանակի բարեփոխման և արդիականացման վերաբերյալ։

Մեր տարածաշրջանում կան ռազմական բարեփոխումների անհամար օրինակներ, որոնցից կարող ենք սովորել։ Ռուս զինվորականները բարեփոխումներ իրականացրին 2008թ. Վրաստանի հետ պատերազմում ոչ արդյունավետ գործելուց հետո։ Իսրայելական «Վինոգրադ» հանձնաժողովն ուսումնասիրել է Իսրայելի անհաջողությունները 2006թ. Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պատերազմում:

Բանակի բարեփոխման բոլոր ճանապարհները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն ռազմարդյունաբերական համալիրի ստեղծմանը։ Հիմնական ուշադրությունը կհատկացվի ապագայի զենքին՝ հաղորդակցական տեխնոլոգիաներին, ռոբոտատեխնիկային, անօդաչու և հակադրոնային տեխնոլոգիաներին:

Այս ոլորտի կայունացման առանցքը պետք է լինի օրենքով արձանագրված բազմամյա պարտավորությունը։ Օրենքը պետք է երաշխավորի պետական գնումների բյուջեի որոշակի տոկոսը ծախսել տեղական արտադրանքի վրա, որոնք որակի առումով մրցունակ կլինեն օտարերկրյա արտադրության սարքավորումների հետ։

Ռազմական բարեփոխումն արագացնելու համար մենք պետք է սկսենք գործունեության արտապատվիրում (outsource), որը զուտ զինվորների կողմից զենք կրելը չէ։ Մասնավոր հատվածի պարենային ծառայությունների արտապատվիրումը ներկայիս կառավարության կողմից ձեռնարկված ամենահանրաճանաչ միջոցառումներից էր։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է արտապատվիրում անենք նաև մեր ծառայությունների և տեխնոլոգիաների ոլորտներում։ Զինվորական հոսպիտալների, հաղորդակցությունների, նյութատեխնիկական ապահովման, էլեկտրոնային և ազդանշանային հետախուզության կառավարումը ավելի լավ կղեկավարվի և ավելի շնորհալի կլինի: Դա թույլ կտա մասնավոր հատվածում փորձառու մարդկանց անմիջապես արդիականացնել մեր բանակը։

Բարեփոխումների ևս մեկ տարր, որը մենք պետք է դիտարկենք, պարտադիր զինծառայության չեղարկումն է։ Մենք պետք է ստեղծենք պրոֆեսիոնալ զինվորների ոչ մեծ բանակ, հիմնականում բաղկացած հատուկ ուժերից՝ արագության, շարժունակության և օդում գերազանցության շեշտադրմամբ

Որպես կանոն՝ պետությունը աշխարհի բոլոր երկրներում ծառայությունների խոշորագույն պատվիրատուն է։ Երբ մեր պետությունը սկսի արտապատվիրում, մեծացող տնտեսական հնարավորությունները կոգևորեն տեղական ծառայություն մատուցողներին՝ նմանատիպ պայմանագրերի համար մրցակցելու նաև միջազգային ասպարեզում ու ավելի ընդլայնելու իրենց բիզնեսները։ Սա ռազմական արդիականացման ևս մեկ դրական հետևանք է։

Մենք պետք է փոխօգտավետ հանգույց ստեղծենք տնտեսական աճի և ռազմական արդիականացման միջև, որտեղ ռազմական բարեփոխումները և արդիականացումը ընդլայնում են տնտեսությունը, իսկ տնտեսական աճը թույլ է տալիս մեզ ներդնել ավելի շատ ռեսուրսներ մեր ռազմական արդիականացման ծրագրերի մեջ։

Բարեփոխումների ևս մեկ տարր, որը մենք պետք է դիտարկենք, պարտադիր զինծառայության չեղարկումն է։ Մենք պետք է ստեղծենք պրոֆեսիոնալ զինվորների ոչ մեծ բանակ, հիմնականում բաղկացած հատուկ ուժերից՝ արագության, շարժունակության և օդում գերազանցության շեշտադրմամբ։ Այսօր Հայաստանում բոլոր ծնողների ամենամեծ վախն այն է, որ իրենց երեխաները ստիպված են լինելու ծառայել կոռումպացված և ոչ կոմպետենտ հրամանատարներով կառավարվող բանակում, որոնք ոչինչ չգիտեն ժամանակակից պատերազմների մասին: Հենց որ բարեփոխումը վստահություն ներշնչի, միայն այդ ժամանակ մենք կկարողանանք վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը։

Մեր պրոֆեսիոնալ բանակը պետք է ավելի զորանա կամավորների և պահեստազորի շատ ավելի մեծ բանակի կողմից: Կամավորները և պահեստազորայինները պետք է լինեն միասնական լավ կառավարվող պահուստային համակարգի մի մասը, որը ներառում է ամսական վերապատրաստման և զորահավաքի պարտավորություններ: Տեղական և կուսակցական բոլոր զինված խմբերը պետք է լուծարվեն և վերակազմավորվեն ռազմական պահեստազորի նոր կենտրոնացված կառավարվող համակարգի շրջանակում։

Հայաստանում սեփական անօդաչու և ռոբոտաշինական զենքերը ստեղծելուն զուգահեռ՝ մենք պետք է բարձրացնենք կանանց դերը մեր զինված ուժերում, որ նրանք էլ կառավարեն մեր սահմանները պաշտպանող այդ համակարգերը:

Այս նպատակին հասնելու միջոցներից մեկը մեր անօգուտ պետական բյուրոկրատիայից առավել արդյունավետ մարդկանց տեղափոխելն է ռազմական շարքեր՝ որակավորման պարտադիր քննությունների և նմանատիպ այլ չափանիշների միջոցով։

Մենք նաև պետք է քննարկենք «Հայկական կամավորական լեգեոնի» ստեղծման հարցը։ Հազարավոր էթնիկ հայեր կան, որոնք ծառայել են ռուսական, սիրիական, ֆրանսիական և արևմտյան այլ երկրների զինված ուժերում։ Ծառայության ընթացքում նրանց փորձը, հատկապես քաղաքային մարտերի պատրաստվածության առումով, անգնահատելի է մեր զինված ուժերի բարեփոխման և արդիականացման գործում։

Միևնույն ժամանակ, սովորելով պատմել մեր պատմությունը, մենք կարող ենք ներգրավել բազմաթիվ իդեալիստների, որոնք հասկանում են մեր պայքարը համընդհանուր առումով։ Ճշմարտությունն այն է, որ մեր սահմանները արևելքում և արևմուտքում քաղաքակրթական, այլ ոչ թե պարզապես պետական սահմաններ են։ Այդ սահմաններից այն կողմ Հայաստանն ու Արցախը ժողովրդավարության և քաղաքակրթության կղզյակներ են։ Մենք առաջին Իսպանական Հանրապետության բարոյական արդի համարժեքն ենք, որ դիմակայում է ֆաշիստական անբարոյության ժամանակակից արտացոլում հանդիսացող երկու վարչակարգերի։

Մենք պետք է մտածենք Հայաստանում տեղակայված հայկական կամ մասնավոր ռազմական կոնտակտային ընկերությունների ստեղծման մասին։ Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք իր սեփական պատերազմներն ամբողջությամբ սեփական զինված ուժերը օգտագործելով չի վարում, և մենք ևս չպետք է դա անենք: Դա վերաբերում է թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի նման գերտերություններին, թե ավելի մանր տարածաշրջանային դերակատարներին, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, որոնք միջազգային ահաբեկիչներին օգտագործեցին Արցախի դեմ։

Մենք՝ որպես ժողովուրդ, միշտ արդարացիորեն ատել ենք պատերազմը և չենք հետաքրքրվել դրանով, բայց պատերազմը, ցավոք, շատ էր հետաքրքրվում մեզանով

Հաջորդ քսան տարիների պատմությունը կորոշվի երկու գործոններով։ Առաջինը կլիմայական փոփոխության հետևանքներն են, իսկ երկրորդը՝ ածխաջրածնային տնտեսության վերջի սկիզբը։ Դա կհանգեցնի զանգվածային գաղթի և պետական կառավարման համակարգերի փլուզման բազմաթիվ երկրներում, որոնք ձգվում են Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Հայաստանից մինչև Չինաստան՝ ներկա և ապագա ձախողված պետություններ։ Այս աշխարհում, եթե պատերազմի բիզնեսի ճաշասեղանի շուրջ դու տեղ չունես, ապա հայտնվում ես ճաշացանկում։

Մենք՝ որպես ժողովուրդ, միշտ արդարացիորեն ատել ենք պատերազմը և չենք հետաքրքրվել դրանով, բայց պատերազմը, ցավոք, շատ էր հետաքրքրվում մեզանով։ Մենք թանկ վճարեցինք այն բանի համար, որ հազարամյակներ շարունակ փորձել ենք աշխարհի համար մշակութային կաճառ լինել՝ անընդհատ բարոյական ու համընդհանուր արդարություն պահանջելով դաժան աշխարհից։ Անցյալ տարվա 44 օրերի դասն այն էր, որ նման մտածողությանը պետք է վերջ դնել։

Նոր բանաձևը՝ ավելի շատ զենք, ավելի քիչ եկեղեցի։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Read the article in English: The Garrison State & Military Keynesianism: A tool of Security and Economic Development

Մեկնաբանել