Ոստիկանության գործողությունները` ԱԺ ընտրություններում

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Եվրոպական միության աջակցությամբ այսօր`ապրիլի 13-ին, տեղի է ունեցել կլոր սեղան-հանդիպում՝ նվիրված Ազգային ժողովի ընտրությունների գործընթացում ոստիկանության խնդիրներին, շահագրգիռ կազմակերպությունների ու կառույցների հետ փոխհամագործակցության հարցերին: Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը «Կլոր սեղանը» վարել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը հանդես է եկել ընտրական գործընթացում ոստիկանության գործառույթների, կառույցի իրավասությանն առնչվող խնդիրների ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկույցով, անդրադարձել է նաև նախընտրական շտաբների, դիտորդների, այլ շահագրգիռ սուբյեկտների ու ոստիկանության համագործակցությանը:

Հունան Պողոսյանը ներկայացրել է նախընտրական քարոզչության ընթացքում, ինչպես և քվեարկության օրը իրավախախտումների մասին ՀՀ ոստիկանությանը ներկայացվող հաղորդումների արագ արձագանքման վերաբերյալ ոստիկանության մոտեցումներն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթը նվիրված էր ընտրական հանձնաժողովների և ոստիկանական ստորաբաժանումների համագործակցության սկզբունքներին ու ընթացքին:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն իր զեկույցում անդրադարձել է ընտրացուցակների հրապարակայնությանը, ներկայացրել հնարավոր անճշտությունների վերացմանն ընտրողների մասնակցության եղանակները, մանրամասնել  ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի նշանակությունն ու խնդիրները:

Քվեարկության օրը ոստիկանական ուժերի ծառայության անցկացման, հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը ներկայացրել է ընտրությունների ընթացքում ոստիկանության կողմից հանրությանն օպերատիվ տեղեկատվության տրամադրման գործընթացն ու ԶԼՄ-ների հետ աշխատանքի կազմակերպման խնդիրները: