Բեկնազարյանի տաղանդին ենթարկվում էին բոլոր ժանրերը

Գաֆեսճյան արվեստի կենտրոնը և կինոգետ Մելիք Կարապետյանը նախատեսում են անցկացնել միջոցառումների մի ամբողջական շարք` նվիրված Համո Բեկնազարյանին: Տարվա ընթացքում ամեն ամիս կցուցադրվի վարպետի մեկական ֆիլմ, ընդ որում` վերջինը կներկայացվի «Պեպոն»` Հայֆիլմ» կինոստուդիայի առաջին ձայնային ֆիլմը: Ֆիլմացանկն արդեն պատրաստ է, մնում է միայն հայթայթել ֆիլմերը` թվային կրիչներով:

Նշենք, որ ապրիլի 12-ին, Հայ կինոյի օրվան ընդառաջ, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացավ «Հանդիպում արվեստի հետ» հերթական միջոցառումը` նվիրված հայ կինոյի նահապետի 120-ամյակին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Զարե» ֆիլմը, որը ներկայացրեց կինոգետ, «Հայացք մեր կինոյի պատմությանը և ներկային» աշխատության հեղինակ Սիրանույշ Գալստյանը:

«Հայֆիլմը» ստեղծվել է 1923թ. ապրիլի 16-ին: 1926թ. նկարահանվել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուսը», մի քանի տարի անց` առաջին հայկական ձայնային ֆիլմը` «Պեպոն»: Այս բոլոր ձեռքբերումների, և ոչ միայն այս, հեղինակը Համո Բեկնազարյանն է, ում անունը մինչև վերջերս կրում էր «Հայֆիլմ» կինոստուդիան:

Համո Բեկնազարյանը նախորդ դարասկզբին նկարահանվել է ռուսական ֆիլմերում, դասվել համր կինոյի աստղերի շարքին: Հեղափոխությունից հետո գլխավորել է Վրաստանի կինոստուդին, ապա դարձել Վրաստանի պետկինոյի ռեժիսոր: Հայաստանում նա ստեղծել է համր կինոյի լավագույն նմուշները, այդ թվում` «Դավիթ-Բեկ»-ը, «Զանգեզուր»-ը: Նա այն տասներկու ընտրյալների շարքում է, ում թուլատրվում էր կինո նկարել ստալինյան «գլուխգործոցներ են պետք» կարգախոսի ներքո:

Բեկնազարյանի տաղանդին ենթարկվում էին բոլոր ժանրերը` վավերագրական, խաղարկային, խոշոր պլանների, մեծածավալ, մասսայական տեսարանների ֆիլմեր: Նրա սիրելի թեման էթնոգրաֆիկ կինոն էր: Իրանցիների, քրդերի, հյուսիսային ժողովուրդների մասին առաջին ֆիլմերի հեղինակը ևս նա է:

Ռեժիսորի հայաստանյան շրջանը տխուր է ավարտվել` հայրենադարձության մասին «Երկրորդ քարավանը» ֆիլմը, որը կինոգետների համոզմամբ պիտի Բեկնազարյանի կարիերայի ամենահաջողված կինոնկարը դառնար, մնացել է անավարտ, քանի որ նկարահանված ամբողջ նյութն այրվել է, նախագիծը փակվել: Իր հուշերում Բեկնազարյանը գրել է, որ առաջին անգամ հասուն տարիքում արտասվել է հենց այս իրադարձություններից հետո: Ռեժիսորը վտարվել է հայրենիքից, «Հայֆիլմ» կինոստուդիայից: Իր վերջին երեք ֆիլմերը Բեկնազարյանը ստեղծել է Դուշանբեում և Տաշքենդում: Համո Բեկնազարյանը մահացել է 1965թ. ապրիլի 27-ին Մոսկվայում` ծանր հիվանդությունից:

Ճակատագրի հեգնանքով, համր կինոյի վարպետ Բեկնազարյանի «Զարե»-ն այժմ հասանելի է միայն ձայնավորված տարբերակով: Ժապավենը, որը գտնվում է Ազգային արխիվի կինոդարանում, մինչ օրս թվայնացված չէ: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ներկայացվեց 70-ականներին ձայնավորված “Զարե”-ն` խախտված մոնտաժով, խեղաթյուրված գեղագիտությամբ:

Սիրանույշ Գալստյանը ցավով նշեց, որ համր կինոն «Հայֆիլմ»-ի նոր սեփականատերերի տեսադաշտից դուրս է հայտնվել: «Ամբողջ աշխարհում համր կինոյի փառատոներ են անցկացվում, հետահայաց ցուցադրություններ, իսկ մեզ մոտ այն մարդիկ, ովքեր դրանով զբաղվում էին, ըստ երևույթին, լավ չեն պատկերացնում դրանց արժեքը»,-ասաց նա:

Մեկնաբանել