Մասնագիտացված լսարաններ` տնտեսագիտական համալսարանում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պետական եկամուտների կոմիտեի հետ համագործակության շրջանակում բացվել են համակարգչային, հարկային և մաքսային մասնագիտացված երեք լսարաններ: Դրանք վերանորոգված են, կահավորված և հագեցած ժամանակակից համակարգչային տեխնիկայով:

Լսարանների բացման պաշտոնական արարողությանը ներկա ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ այս ծրագրերի շնորհիվ երկու տարի հետո ՊԵԿ-ը կունենա կադրային լուրջ ռեզերվ: «Նախ մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի աշխատանքի անցնել կոմիտեում, մյուս կողմից էլ` լավագույն մասնագտները կհամալրեն մեր կադրային բազան»,-ասել է նա:

Ուսումնառության երկու տարիներին 100 մագիստրոսներ ոչ միայն խորացված կուսումնասիրեն հարկային և մաքսային վարչարարություն, այլև հնարավորություն կունենան գործնական պարապմունքներն անցկացնել հենց ՊԵԿ-ում, տեղեկացրել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Կոմիտեի ղեկավարի խոսքով, ՊԵԿ-ը մտադիր է նաև անվանական կրթաթոշակ սահմանել լավագույն ուսանողների համար, ինչպես նաև հոգալ անապահով ընտանիքների ուսանողների կրթական ծախսերը. տեղեկացնում են ՊԵԿ մամլո ծառայությունից:

Ի նշան երախտագիտության` համատեղ կրթական ծրագրի իրականացման և բուհին ցուցաբերած նյութատեխնիկական աջակցության համար, ՀՊՏՀ ռեկտորատի կողմից Գագիկ Խաչատրյանին շնորհվել է «ՀՊՏՀ բարեկամ» պատվավոր կոչում: