Քաղաքապետն Արաբկիրում կարևորել է բնակիչների հետ անմիջական շփումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում: Այն սկսվել է բակային տարածքներից: Քաղաքապետարանի ծրագրերով Արաբկիրի բակային տարածքներում բարեկարգման ծավալուն աշխատանքներ են ընթանում. ասֆալտբետոնյա ծածկի վերականգնում, կանաչ գոտիների թարմացում և նորերի ստեղծում, զրուցարանների ու նստարանների, ինչպես նաև երեխաների համար խաղային ատրակցիոնների տեղադրում: 

Իսկ Գրիբոյեդովի 11ա, Կոմիտասի 7/1, 2, 3 և Ավետիսյան 67 հասցեներում վարչական շրջանի պատասխանատուները Տարոն Մարգարյանին ներկայացրել են ոռոգման համակարգերի վերականգնման և արդիականացման աշխատանքների ընթացքը: Կանաչ գոտիներն այստեղ կոռոգվեն անձրևացման և կաթիլային եղանակներով, որոնք,  գյուղատնտեսների վկայությամբ, ժամանակակից ամենաարդյունավետ մեթոդներն են: Ոռոգման համակարգերի առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն զգալիորեն ընդլայնել առկա կանաչ տարածքները, այլև ստեղծել նորերը` զուգահեռաբար կանաչապատելով ու ծաղկապատելով նաև բակային տարածքները: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կանաչապատման և ծառատունկի աշխատանքները պետք է լինեն համակարգված և իրականացվեն բացառապես ոռոգելի տարածքներում:

Քաղաքապետին զեկուցվել է, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի նորոգման աշխատանքներ են ընթանում: Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս կարևորել է բնակիչների հետ անմիջական շփումը: