Ոստիկանությունը կրկին հակադարձում է ՀԱԿ-ին

Ըստ հայտարարության` ՀԱԿ-ի պատվիրակ Տիգրան Սեդրակյանին թույլ չի տրվել հրապարակել Կոնգրեսի հատուկ հայտարարությունը ՀՀ ոստիկանության գործունեության մասին, և միջոցառման կազմակերպիչները քննարկումը վաղաժամ փակված են հայտարարել՝ կուսակցությունների ներկայացուցիչներին զրկելով ելույթ ունենալու հնարավորությունից:
Ոստիկանությունը նշում է, որ մեղադրանքը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՀԱԿ-ի պատվիրակը, ինչպես և մյուս մասնակիցները, մի քանի անգամ ելույթ է ունեցել, ընդ որում՝ նաև հայտարարության մեջ նշված հարցադրումների առնչությամբ:
«Ինչ վերաբերում է քննարկումը վաղաժամ փակելուն, ապա հայտարարության հեղինակներն, ըստ երևույթին ենթադրել են, որ ԶԼՄ ներկայացուցիչները շուտ են դուրս եկել և, այսպես ասած, վկաներ չեն մնացել: Սակայն դահլիճում տեսախցիկն աշխատել է մինչև վերջ և անկողմնակալ արձանագրել «կլոր սեղանի» ամփոփման իրական պատկերը:
Կոնգրեսականների կեցվածքը հատկապես զարմանք է հարուցում այդ խնդրով ոչ պակաս մտահոգ մյուս կուսակցությունների ֆոնին, որոնց ներկայացուցիչները քննարկման ընթացքում ոչ հարցադրումներ անելու, ոչ տեսակետ հայտնելու խնդիր այդպես էլ չունեցան: Չի ունեցել նաև ՀԱԿ-ի պատվիրակը, պարզապես հերթական անգամ հնչեցվեցին անփաստարկ մեղադրանքներ, որոնք իրականում արժանի չեն ոչ վիճարկման ոչ էլ հերքման, սակայն պարզաբանել պետք է՝ հանրությանն ապատեղեկատվությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ:
ՀԱԿ-ը ոստիկանությանը մեղադրում հանրահավաքների օրերին Երևան տանող ճանապարհները արգելափակելու համար, երբ իրականում հրաշալի գիտեն, որ չկա այդպիսի բան, հակառակ դեպքում գոնե մեկ արձանագրված տեսափաստ կունենային, որը չէին հապաղի շրջանառության մեջ դնել:
Ոստիկանությունը մեղադրվում է հասցեներում փաստացի չբնակվող քաղաքացիներին զանգվածաբար հաշվառման վերցնելու համար: Ոստիկանությունը բազմիցս պաշտոնապես պարզաբանել է, որ հաշվառման վերցնելը սեփականատիրոջ իրավունքն է՝ ամրագրված օրենքով:
Ինչ վերաբերում է ոստիկանության իբր անգործությանը ընտրակաշառքի դեպքերը կանխելու և բացահայտելու գործում, ապա ՀԱԿ-ի նույն պատվիրակը «կլոր սեղանի» ընթացքում բարձրացրել է այդ հարցը և հիմնավոր պատասխաններ ստացել համապատասխան պաշտոնյաների կողմից:
ՀԱԿ-ի կանխակալ վերաբերմունքը պետական ինստիտուտների հանդեպ ակնհայտ է, և սույն «հայտարարությունն» իսկապես արժանի չէր լուրջ վերաբերմունքի ու արձագանքի, բայց մենք իրոք մտահոգ ենք արդար ընտրությունների անցկացմամբ և ընդունում ենք ՀԱԿ-ի առաջարկները.
– ՀԱԿ-ի կենտրոնական ընտրական շտաբին կտրամադրվի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մեկ տարվա վիճակագրությունը՝ տրված անձնագրերի և հաշվառման վերցված քաղաքացիների թվի վերաբերյալ.
– մեկ հասցեում քաղաքացիների հաշվառման վերաբերյալ պարզաբանումներ արվել են և կարվեն՝ գործելով օրենքի և օրինականության շրջանակներում, ինչպես որ կշարունակեն վերացվել ընտրացուցակներում առկա անճշտությունները.
– ՀՀ տարածքում ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացահայտելու և բացառելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում և իրականացվելու են առանց որևէ մեկի կոչի.
– ինչ վերաբերում է ընտրացուցակներից ՀՀ-ից մշտապես բացակայող քաղաքացիներին հանելու պահանջին, ապա ստիպված ենք կրկին պարզաբանել,
որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում:
ՀՀ ոստիկանությունը կատարելու է իր առաքելությունը նախընտրական շրջանում և ԱԺ ընտրությունների ժամանակ և ակնկալում է ողջ հասարակության, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների աջակցությունը: Նաև ՀԱԿ-ի աջակցությունը, եթե կոնգրեսականների մտահոգությունն իսկապես ազնիվ է և կարտահայտվի ոչ թե այսպիսի անփաստարկ «հայտարարություններով», այլ համատեղ աշխատանքի իրական ցանկությամբ ու գործով»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ, որին կցված է նշված տեսագրությունը:
Ըստ «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականի` ՀԱԿ-ի գրասենյակից նշել են, որ նշված հայտարարությունը նախատեսված չի եղել հրապարակման համար:

Մեկնաբանել