ՏԻՄ օղակը պետք է վերադարձնել քաղաքացիներին. Գուրգեն Արսենյան

«Մարզպետարան-գյուղապետարան իրար բերան թքած ունեն»,- այսօր «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման հյուրասրահում Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականում առաջադրված Գուրգեն Արսենյանն այսպես նկարագրեց տեղական ինքնակառավարման մարմինների և իշխանության սերտաճումը` հավաստելով, որ գյուղապետերն այսօր դարձել են մարզային իշխանության անդամներ, ինչը հակասում է կառավարման ինստիտուտի կանոններին:

«Գյուղապետ ընտրված մարդն իր պարտքն է համարում վախի մթնոլորտում պահել համագյուղացիներին: Գյուղապետն իրեն և իր գործունեությունը քննադատող մարդկանց դատի է տալիս իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, ու շահում է դատերը` հող մշակելով ապրուստ հայթայթող մարդուն ստիպելով վճարել 1մլն դրամ: Այդպես է նա մարդկանց պահում վախի մթնոլորտում,- ասաց նա:- Մեր խնդիրն է այդ օղակը վերադարձնել ընտրողներին»:

«21-րդ դարում մարդիկ ապրում են տնակներում: Մի կին հինգ երեխաներով ապրում է տնակում, ես նման բան չէի կարող պատկերացնել»,- ասաց Արսենյանը, ով ապրելով Երևանում` անձամբ մինչ այս չէր շփվել մարզերի սոցիալական ծանրագույն խնդիրներ ունեցողների հետ:

Ըստ նրա` աշխատողների կողմից վճարված հարկերը պետք է ունենան որոշակի նպատակ, և եթե դրանք հասնեին նրանց, ում համար, որ նախատեսված են, այս վիճակին, որին ականատես ենք, չէինք հասնի:

Մեկնաբանել