Առևտրի վարկավորման ծավալն աճել է 3,3%-ով

Հայաստանյան առևտրային բանկերի կողմից առևտրի ոլորտին տրամադրված վարկերի մասնաբաժինը 2012թ. փետրվարին կազմել է ռեզիդենտներին տրամադրված (ըստ տնտեսության ճյուղերի) բոլոր վարկերի 22,7%-ը. ըստ ՀՀ ԿԲ-ի «2012թ. փետրվարի դրամավարկային ցուցանիշների ընդհանրացում» հաշվետվության:

Միաժամանակ առևտրի վարկավորման ծավալը  հաշվետու ժամանակաշրջանում, 2012թ. հունվարի համեմատ, աճել է 3,3%-ով և փետրվարի 29-ի դրությամբ կազմել է շուրջ 284,1 մլրդ դրամ:

Արդյունաբերության վարկավորման մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում առևտրի ոլորտի համեմատ քիչ ավելի բարձր է եղել` ընդհանուր ծավալով տրամադրված վարկերի 23,2% ցուցանիշով կամ ավելի քան 289,6 մլրդ դրամ:

Երրորդ տեղում են սպառողական վարկերը` 18,7% մասնաբաժնով` շուրջ 234,1 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են հիփոթեքային վարկերը` 8,8% մասնաբաժնով` 110,3 մլրդ դրամ, շինարարությունը` 7,7% մասնաբաժնով կամ ավելի քան 96,6 մլրդ դրամով, գյուղատնտեսությունը` 6,1% կամ 76,7 մլրդ դրամով: Իսկ վերջին տեղում է տրանսպորտի և կապի ոլորտը` 3,3% կամ շուրջ 42,3 մլրդ դրամով: