Մոնղոլիայի նախկին նախագահը հացադուլ է հայտարարել

Մոնղոլիայի մայրաքաղաքում այսօր պահպանվում է հանգիստ վիճակը. օտար երկրների դեսպանատներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իսկ որոշ ուսումնական հաստատություններում դադարեցվել են դասերը:  Այս մասին հաղորդում է Itar-tass-ը:

Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները, Մոնղոլիայի ժողովրդա-հեղափոխական կուսակցությունը մայրաքաղաքում բողոքի ակցիաներ է  կազմակերպել, և պահանջել 24 ժամվա ընթացքում ազատ արձակել նախկին նախագահ Նամբարին Էնհբայարին` սպառնալով, որ հակառակ դեպքում բողոքը կունենա այլ դրսևորումներ: Միջոցառմանը մասնակցել է կուսակցության ավելի քան հազար անդամ և համակիր. այն շարունակվել է մինչև ուրբաթ 18:00-ն:

Հիշեցնենք, որ Էնհբայարը ձերբակալվել է` մեղադրվելով կոռուպցիայում: Ըստ համակիրների` նախկին նախագահը ձերբակալվել է երկրի առաջատար կուսակցությունների հետ հանդիպման գաղտնի մանրամասներ հրապարակելու պատճառով, իսկ վերլուծաբաններն այս ձերբակալությունը կապում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: