Մաշտոցի պուրակում այսօր էլ գիտական և մշակութային միջոցառումներ կլինեն

Մաշտոցի պուրակում ակտիվիստները շարունակում են պայքարը: Ըստ բնապահպան Մարիամ Սուխուդյանի` այսօր 18:18 պուրակում գիտական քննարկում է կազմակերպված բուսաբան, կենսաբանական գիտ. թեկնածու Նինա Ստեփանյանի  մասնակցությամբ: Թեմաներն են`«Կանաչապատո՞ւմ, թե՞ «կանաչահատում» և (ծառերի խորը էտում` արդյո՞ք դա ճիշտ է)» և «Հերթական կանաչ տարածքների զավթում (ընդհանուր օրինաչափություններ)»:  20:00 – 21:00 –ն այստեղ «Այրուձի» հեծյալ ակումբը կներկայացնի ավանդական ստվերների թատրոն: Կցուցադրվի նաև «Այրուձի» ֆիլմը:

Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբն էլ հանդես է եկել վճռականությունը դրսևորելու մասին հայտարարությամբ:

«Մարտի 31-ից հետո` անցած երկու շաբաթվա ընթացքում, բացահայտվեց, որ մեր պետության ու հանրության բոլոր կառույցները (ներառյալ Երևանի քաղաքապետարանը), ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցին ընդունում են, որ իսկապես անհրաժեշտ է վերջ տալ մեր քաղաքի ճարտարապետական միջավայրը և բնական ռեսուրսները մասնավոր շահերի օգտին զոհաբերելու արատավոր պրակտիկան:

Աբովյան փողոցից ապամոնտաժված տաղավարների սեփականատերն իր հերթին հայտարարեց, որ ինքը ոչ մի կապ չունի Մաշտոցի պուրակում «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից տաղավարների տեղադրման թույլտվության պայմանների ակնհայտ շեղումներով կառուցված ինքնակամ շինությունների հետ:

Այնուհանդերձ, Մաշտոցի պուրակում ստեղծված անօրինական և համայնքի շահերը ոտնահարող դրությունը շարունակում է մնալ անփոփոխ: Չնայած նրան, որ երկրում կրիմինալ իրավիճակն օր օրի սրվում է, և իրավապահ մարմինների ծանրաբեռնվածությունը ընտրությունների անվտանգությունն ապահովելու գործում ակնհայտորեն աճում է, ոստիկանությունը շարունակում է պահպանել Մաշտոցի պուրակի ինքնակամ շինությունները:

Ստեղծված իրադրությունը վկայում է, որ երկրում Սահմանադրությունը երաշխավորող մարմնի շարունակվող անգործությունն արդեն խնդիր է ստեղծում պետության ներքին անվտանգության համար:

Գիտակցելով այս աննորմալ իրադրությանը վերջ տալու անհրաժեշտությունը` մենք ստիպված ենք կրկին ցուցաբերել մեր վճռականությունը Մաշտոցի պուրակում օրենքի գերակայությունը վերականգնելու գործում»: