Մեր կրթությունը ճիշտ է ընթանում, բայց դանդաղ. ԿԳ նախարար

Նախարարը Հանրային կառավարում բաժնի «PR»-ի դասախոսությունն սկսել է քվեարկությամբ՝ ովքեր են կողմ բուհական համակարգի ներկա բարեփոխումներին: Կողմ ձայները  մի քանիսով ավելի են եղել «դեմ»-ից, սակայն ավելի շատ են եղել չկողմնորոշվածները:
 
«Կրթական «PR»-ի խնդիրն է ապացուցել, հիմնավորել, համոզիչ բացատրել, որ բուհական համակարգի բարեփոխումները Հայաստանում ընթանում են ճիշտ ճանապարհով, որպեսզի այս լսարանում չկողմնորոշված ուսանողների մոտ ձևավորվի այդ տեսակետը»,-  նշել է ԿԳ նախարարը: Դասախոսության ընթացքում Արմեն Աշտյանն ներկայացրել է  կրթական բարեփոխումները, ընդունված նոր ուսանողակենտրոն կարգերը, Եվրոպական կրթական տարածքում հայկական կրթական համակարգի ներգրավման միտումները, այս ուղղությամբ կատարված աշխատանքներն ու նախատեսվող անելիքները: «Ես համոզված եմ, որ մեր կրթական համակարգը ճիշտ ճանապարհով է առաջ  գնում, այլ հարց է, որ այդ քայլերի տեմպերը բավականաչափ արագ չեն»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը:
Կարևորելով  կրթություն-տնտեսություն կապը՝ ՀՀ ԿԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ բուհական համակարգի համար իրական պահանջարկը, պետք է ձևավորի տնտեսությունը: «Ցավոք, Հայաստանի տնտեսությունում դեռ չի ձևավորվել գիտելիքով զինված որակյալ մասնագետների իրական և հստակ պահանջարկ: Առաջին հերթին պետք է ձևավորվի տնտեսականը,  ինչն էլ ուղղակիորեն կազդի կրթության որակի վրա: Բայց մյուս կողմից հետզհետե շատանում է այն երիտասարդների թիվը, ովքեր կարողանում են գիտելիքով և մասնագիտական բարձր որակներով հաջողության ճանապարհ հարթել իրենց համար»,- նշել է Արմեն Աշոտյանը:  Նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են բուհական համակարգի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացին, 12 -ամյա կրթական համակարգի ներդրմանը, Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտորի և ԿԳ նախարարության հանրային մեծ հնչեղություն ստացած հարաբերություններին և այլ խնդիրների: