Նախարարը հրավիրված է ռեկտորի հետ «նշված խախտումները» քննարկելու

«Վերջին օրերին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և անձամբ նախարարը հիշատակեցին ԵՊԼՀ-ում տեղ գտած խախտումների թեման: Այդ առիթով, հայտարարում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարության կողմից 12.04.2012 թ.-ին կազմված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կրթական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին» ակտի քննարկումը նախատեսվում է ԵՊԼՀ ընդլայնված գիտական խորհրդի 17.04.2012թ. կայանալիք նիստում: Նիստին հրավիրված են նաև ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանը և վերջինիս 19.03.2012թ. N 190 Ա/Ք հրամանով ստեղծված վերահսկողություն իրականացնող հանձաժողովի անդամները:

Ցավում ենք, որ հաշվի չի առնվել բուհի կողմից 12.04.2012 թ. ՀՀ ԿԳՆ կայքում տեղադրված ակտի վերաբերյալ տրված հայտարարությունը. «…սակայն մինչ այդ խնդրում ենք խուսափել «լուրջ խախտում» եզրույթից, քանի որ այն հասարակական ինքնագիտակցության հարթությունում մեկնաբանվում է որպես հանցագործություն և, ըստ էության, հանցագործության հոմանիշ է և բավարար հիմքերի բացակայության դեպքում այն անխուսափելիորեն պետք է մեկնաբանվի որպես սուտ մատնություն»:
Ուստի խնդրում ենք պատասխանատու անձանց և լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ և գնահատականներ տարածելուց: Իսկ թե որքանով են լուրջ և հիմնավոր խախտումները, ԶԼՄ ներկայացուցիչները կարող են համոզվել՝ մասնակցելով 17.04.2012թ-ին ժամը 12:00-ին ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում կայանալիք արտահերթ ընդլայնված գիտական խորհրդի նիստին»,- նշված է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի պաշտոնական կայքում:

Մեկնաբանել