Արտերկրում միջոցառումներ կանցկացվեն` նվիրված հայ գրատպությանն ու հնատիպ գրքին

Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարության  համատեքստում Գուտենբերգի հայրենիքում` Գերմանիայում հայ հնատիպ գրքի հոբելյանին նվիրված կկազմակերպելվի «Տառարվեստ և պատկերի հրաշք. Հայ գրատպության 500-ամյակ»:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը կկայանա ապրիլի 15-ին Հալլե քաղաքի «Kunstforum» սրահում: Ցուցահանդեսում ներկայացվելու են  Գերմանիայում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև ցուցանմուշներ Հայաստանից` «Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան»-ից,  Հայաստանի Ազգային գրադարանից և Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:

Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության և Կոպենհագենի Թագավորական գրադարանի (The Black Diamond) հետ համատեղ, հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ ապրիլի 17-ին կբացի «Հայաստան… գրքի ճանապարհ» խորագրով հայկական հնագույն գրքերի ցուցահանդես, որը կուղեկցվի կամերային երաժշտության համերգով:

 ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում /Վաշինգտոն/ ապրիլի 18-ին կկայանա «Իմանալ հայ գրական ավանդույթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդես-ընդունելությունը:

Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ արտերկրում  անցկացվող այս նախաձեռնություններին կմասնակցի ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի գլխավորությամբ: