ՄԱԿ-ի ԱԽ-ը հաստատեց. դիտորդներ կուղարկվեն Սիրիա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է քաղաքացիական բախումներում հայտնված Սիրիա ուղարկել ոչ ռազմական դիտորդների խումբ. այս մասին հաղորդում է «Ռիա-Նովոստի» գործակալությունը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն այսօր նշել է, որ ռուսական կողմին բավարարում է բանաձևի նոր տեքստը` հավելելով, որ այդ խմբում ընդգրկված կլինի նաև մեկ ռուսական սպա: «Դիտորդներից կպահանջվի բարձր արհեստավարժություն, խիզախություն և անկողմնակալություն: Այդ աշխատանքի համար անհրաժեշտ է ստեղծել բարեպաստ պայմաններ` այդ թվում և անվտանգության տեսանկյունից»,- նկատել է Չուրկինը:

Սպասվում է, որ դիտորդների առաջին խումբը բաղկացած կլինի 10-12 հոգուց, իսկ հետագայում այս առաքելությունն իրականացնողների թիվը գուցե հասնի 250-ի: «Ասոշիեյթիդ փրես»-ին հասած` բանաձևի տեքստում նշված է, որ իշխանությունը պարտավորվում է ապահովել դիտորդների ազատ տեղաշարժը ողջ երկրում և տալ նրանց հնարավորություն հարցումներ անել, ումից որ պետք լինի: Բանաձևում կոչ է արվում է Սիրիային քաղաքներից և բնակելի տարածքներից դուրս բերել բոլոր զորքերը:

Սիրիայում արդեն մեկ տարի է, որ չեն դադարում հակակառավարական ըմբոստությունները: Ամեն օր տեղեկություններ են ստացվում մարդկային զոհերի մասին. ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի ընդհանուր թիվն անցնում է 9 հազարից: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ զինված ընդդիմության հետ բախումներում զոհվել է շուրջ 2.5 հազար զինվորական, իսկ խաղաղ բնակիչներից `ավելի քան 3.2 հազար մարդ:

Մեկնաբանել