ՄԱԿ-ի առաջին դիտորդները Դամասկոսում են

Այսօր նրանց պետք է միանա ավելի քան 20 դիտորդ։ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը ծրագրում է դիտորդական խմբի թիվը հասցնել 250-ի։ ՄԱԿ-ի ղեկավարությունը լիահույս է, որ ապրիլի 19-ին արդեն ներկայացված կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախօրեին ընդունած բանաձևի իրականացման մասին առաջին հաշվետվությունը։ Փաստաթղթում Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի մասնակից բոլոր կողմերին կոչ է արվում ապահովել դիտորդական առաքելության անվտանգությունը։

Այդուհանդերձ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մատնանշել է, որ կրակի դադարեցման մասին համաձայնության ուժի մեջ մտնելուց հետո էլ սիրիական քաղաքներում արյուն է թափվում։

Սիրիական ընդդիմության տվյալներով՝ միայն կիրակի օրը Հոմսում զոհվել է 6 մարդ։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի հակառակորդների՝ համացանցում տեղադրած սիրողական կադրերում երևում են պայթյուններ ու ավերածություններ։ Տեսանյութի իսկությունը ստուգելը, սակայն, անհնար է, հաղորդում է Euronews-ը։

Միևնույն ժամանակ կրակի դադարեցման մասին համաձայնության ընդունման ժամանակ սիրիական իշխանությունները «ահաբեկիչների ցանկացած հարձակում հետ մղելու» իրավունք էին վերապահել իրենց։