Հայտնի են Ազգային երաժշտական մրցանակաբաշխության հաղթողները

Երեկ` երեկոյան, կայացավ Ազգային երաժշտական 11-րդ մրցանակաբաշխությունը:  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայտնի դարձան տարբեր ժանրերի և ոճերի երաժշտարվեստի անցյալ տարվա լավագույնները: Մրցանակներ շնորհվեցին 15 անվանակարգում, ներկայացված էին նաև 16 հատուկ մրցանակ:

Այս տարի առաջին անգամ մրցանակ տրվեց «Լավագույն ռադիոնախագիծ» անվանակարգում. հաղթող ճանաչվեց Time out հաղորդաշարը: Առաջին անգամ էր շնորհվում նաև «Լավագույն ջազային նախագիծ»-ը, որի շրջանակում մրցում էին ճանաչված և արդեն վաղուց իրենց հաստատուն տեղը գտած «Կատուներ»-ը, Armenian Navy Band-ը և նորաստեղծ Penman-ը: Մրցանակի արժանացավ Վահագն Հայրապետյանը` «Կատուներ»-ի հետ:

«Լավագույն ռոք խումբ» ճանաչվեց The beautified project-ը, որի ֆրոնտմեն Անդրե Սիմոնյանը մրցանակը նվիրեց բոլոր այն ջազ-ռոք-բլյուզ խմբերին, որոնք այսօր ստեղծադործում են փոքր ու ծխաշատ ակումբներում:  

«Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Դովլաթյանը, «Կատարողական արվեստի տարվա հայտնություն»` Նարեկ Հախնազարյանը, «Լավագույն  տեսահոլովակ»` Սիրուշոյի I like it երգը, «Լավագույն ալբոմ»՝ «Դորիանս» ռոք խմբի FLY-ը, «Լավագույն դուետ»՝ Լիլիթ Հովհաննիսյանն և Միհրան Ծառուկյանը: Գլխավոր «Լավագույն երգչուհի» և «Լավագույն երգիչ» անվանակարգերում մրցանակներ ստացան Սոնա Շահգելդյանն ու Էրիկը:

«Լավագույն ժողովրդական համույթ» է ճանաչվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, «Լավագույն դասական ալբոմ»՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը», «Լավագույն Սաունդտրեք»՝ Արտո Թունջբոյաջյանի՝ «Ալաբալանիցա»-ն, «Տարվա հիթ»՝ “Գոհար” համույթի «Պապենական Կիլիկիա»-ն:

Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակը բաժին է ընկել Հայաստանի Հանրային ռադիոյին:  Հատուկ մրցանակի են արժանացել նաև Դար 21 հեռուստաընկերությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Արմեն Թորոյանը, Լևոն Մալխասյանն ու Լևոն Իգիթյանը, Ռուբեն Ջաղինյանը, Նադեժդա Սարգսյանը:

Պատրիկ Ֆիորիին Լուսինե Թովմասյանը մրցանակը նախօրոք էր հանձնել, այնպես որ բեմում նրան տեսան միայն տեսագրությամբ: Հատուկ մրցանակի արժանացան նաև  2011-ի Մանկական Երատեսիլի կազմակերպիչները, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով այն նվիրեց թատրոնի սաների 6–րդ սերնդի ներկայացուցիչներին` «Եկել եմ» կոմիտասյան ծրագրի համար:   

Մրցանակաբաշխությունը վարեցին Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Գոհար Գասպարյանը, Լուսինե Թովմասյանը, Ավետ Բարսեղյանը, Արթուր Բախտամյանը: Կատարումներով հանդես եկան Թաթա Սիմոնյանը, Սիրուշոն, Դալիթան, Ինգա և Անուշ Արշակյանները և շատ ուրիշներ: