Արվեստում պետք է անմնացորդ նվիրվել

– Տաղանդավոր և ճանաչված ընտանիքում եք ծնվել. Աճեմյան ազգանունը Ձեզ օգնե՞լ է, թե՞ հակառակը՝ խանգարել Ձեր «ես»-ի հաստատման ճանապարհին։

– Դեռ մանկուց աշխատել եմ միշտ պատվով կրել այդ ազգանունը: Չգիտեմ՝ ինչքանով է հաջողվել: Իսկապես մեծ բախտավորություն ու երջանկություն էր ապրել նման հեքիաթային մթնոլորտում ու շփվել ժամանակի մեծերի հետ, որոնք հաճախ մեր տանն էին լինում պապիս՝ Վարդան Աճեմյանի հետ: Անկեղծ ասած, այդ շփումը հիմա ինձ շատ է պակասում… Իսկ խանգարելու հետ կապված՝ մի զավեշտալի դեպք հիշեցի: Երբ իմ առաջին երգը ձայնագրվեց, ես դեռ շատ երիտասարդ էի, և գրեթե ոչ ոք ինձ չէր ճանաչում, ու իմ հոնորարը ուղարկել էին թատրոն՝ պապիկին: Նա էլ նայել էր, հետ էր ուղարկել, մինչև որ հասկացել էր՝ իմն է: Եկավ ու ասաց. «Ա՛յ տղա, ե՞րբ ես սկսել երգեր գրել»: Լսեց ու շատ հավանեց:

– Դուք ստեղծագործել եք երկու տարբեր ժամանակաշրջաններում՝ խորհրդային և անկախ Հայաստանում, փոխվե՞լ է արդյոք վերաբերմունքը ստեղծագործողի հանդեպ։

– Փոխվելն այն խոսքը չէ. այսօր շատ տարօրինակ իրավիճակ է: Թե ովքե՞ր են այսօրվա արվեստագետները՝ պարզապես ապշում ես: Լսում ես, նայում հեռուստացույց, այնպիսի մարդիկ են իրենց կոմպոզիտոր կոչում՝ ասելով, թե նոր երգ է գրել, գործիքավորել …

– Մեկ մեղեդի գրողն այսօր իրեն կոմպոզիտոր է համարում և այդ տեսանկյունից էլ գնահատում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին։

– Ինչպե՞ս կարող են նրանք գնահատել, և ընդհանրապես՝ մի՞թե կարելի է նրանց եթեր տրամադրել … Ժողովրդին պարտադրում են լսել այդ ցածրաճաշակ ու անգրագետ գրված երգերը, որոնք օտար մշակույթից են գալիս: Թուրքական, պարսկական, արաբական այդ կլկլոցները փոխում ու փչացնում են հանդիսատեսի ճաշակը: Տրամաբանությունը տանում է այնտեղ, որ ի վերջո երևի թուրքերեն երգեն …

– Մեզ մոտ կարծեք թե ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, և տեսնո՞ւմ եք ելք:

– Որովհետև դաշտ են մտնում պատահական մարդիկ, նույնն էլ կատարվում է թատրոնում, կինոյում. փողոցից ինչ-որ մեկը գալիս է և դառնում ռեժիսոր կամ դերասան: Մի խոսքով՝ աղետալի վիճակում ենք, որի մասին պետք է շատ ավելի լուրջ մտածել ու քայլեր անել: Իսկ ելքը հսկումն է: Սովետական շրջանն ուներ իր շատ բացասական կողմերը, բայց արվեստի ասպարեզում այդքան բարձիթողի վիճակ չէր, ինչպես հիմա:

– Կար ժամանակ, որ հայ հանդիսատեսը առանձնանում էր իր երաժշտական բարձր ճաշակով, նաև ճաշակ էր թելադրում: Այսօր հակառակն է տեղի ունենում. ինչո՞ւ, ինչի՞ հետևանք է սա։

– Ես հիշում եմ՝ հանդիսատես կար, որը հատուկ զգեստ էր կարում թատրոն գնալու՝ պրեմիերաներին մասնակցելու համար, հանդիսատես կար, ամբողջ գիշեր կանգնում էր, որ կարողանար տոմս գներ: Դա ներքին դաստիարակությունից էր: Մենք ունեինք շատ հարուստ կոմպոզիտորական դպրոց. արվեստում շատ կարևոր է ունենալ դպրոց. նույնիսկ արտասահմանում հարցնում են, թե ո՞ր դպրոցն ես ներկայացնում:

Վերջերս գործերս տպագրվեցին Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Ես զարմացել էի, թե որտեղի՞ց էին նրանք գտել այն տեղեկությունը, որ պապիկս ուսանել է Ստանիսլավսկու և Մեյերհոլդի մոտ, ու կենսագրությանս մեջ դա տպագրել էին: Այսինքն՝ դրսում մեծ տեղ են տալիս նման փաստերին, կարևորում դրանք:

Իսկ այսօր… մեր արվեստում այդ պատահական մարդիկ ո՞ր դպրոցից են… Ինչի՞ մասին է խոսքը: Ցավոք, այսօր մեր լավագույն, տաղանդավոր ուսանողները գնում են այլևս չվերադառնալու նպատակով: Չեն վերադառնում, որովհետև այստեղ այդ կոմպոզիտորական դաշտը չկա, վերադառնան ի՞նչ անեն:

– Իսկ կոմպոզիտորների միությո՞ւնը։

– Չէի ուզենա այդ մասին ընդհանրապես խոսել: Մենք ունենք հիանալի ավանդույթներ: Մի ժամանակ մեր կոմպոզիտորական դպրոցը խորհրդային շրջանում երրորդն էր համարվում, և ի՜նչ դեմքեր էին, նրանց գործերը հնչում էին արտասահմանյան տարբեր նվագախմբերում: Իսկ հիմա, հիմա ո՞վ գիտի…

Կարծում եմ` առաջնահերթ քայլը պետք է լինի այն, որ մեզ դրսում ճանաչեն: Մենք ունենք հրաշալի ստեղծագործություններ, որոնք կարող էին տեղ գտնել համաշխարհային երաժշտացանկում: Գիտե՞ք որն է ցավալին. հիմա երբ ասում են՝ երաժշտություն, հասկանում են էստրադային երգ… Բայց երաժշտությունն առաջին հերթին օպերան է, սիմֆոնիան և… հետո նոր երգը:

– Մեր իրականության մեջ ի՞նչն է Ձեզ ամենից շատ զայրացնում:

– Ոչ պրոֆեսիոնալները: Մարդիկ, որոնք իրենց գործով չեն զբաղված, կարևոր չէ, թե որ ասպարեզում են: Բայց քանի որ, չգիտես ինչու, մտածում են, որ մեր ասպարեզում գիտելիք պետք չէ, այստեղ ավելի շատ են: Եվ տգիտությունը հասել է այն աստիճանի, որ բոլորովին վերջերս ռեպեր մի երգիչ հայրիկիս՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի հայտնի երգերից մեկը՝ «Սիրո հասակ» երգը, իր հեղինակային իրավունքով ներկայացրել և վաճառել է Հանրային հեռուստաընկերությանը, իսկ աբսուրդն այն է, որ հեռուստաընկերությունը գնել է այն, և նույնիսկ տեսահոլովակ է նկարահանվել:

Հուսանք, որ այդպես չի մնա, որովհետև մենք ունենք իսկապես հիանալի պայծառ երիտասարդներ, որոնց տաղանդը տեղն է. մի քիչ պակասում է նվիրվածությունը, անմնացորդ նվիրվածությունը. դա էլ երևի թե մեր կյանքից է, մեր կենցաղից: Չէ՞ որ արվեստով զբաղվելու համար պետք է ամբողջովին մտնել գործի մեջ, մի փոքր թաթախվելով՝ բան չի ստացվի:

Մեկնաբանել