Վախ քաղաքական պայքարից

Իշխանությունը` ի դեմս Սամվել Աելքսանյանի՝ այսպես ասած՝ երկրպագուների պահվածքի, բացահայտում է իր իրական մոտեցումները ընտրությունների նկատմամբ: Որքան թեժանում է մրցակցությունը, այնքան իշխանության նյարդերը տեղի են տալիս:
Կիրակի Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպը փաստորեն այն ձևաչափն է, որով իշխանության ներկայացուցիչները պատրաստ են «երկխոսել» կամ «բանավիճել» մրցակիցների հետ: Շատ դժվար է հավատալ, որ Սամվել Ալեքսանյանի «երկրպագուները» քաղաքական և առավել ևս քաղաքացիական մղումներից ելնելով են խոչընդոտել ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին և ջարդել պատգամավորության մրցակից թեկնածուի քիթը: Ավելի հեշտ է հավատալ, որ ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Սամվել Ալեքսանյանը այդ կանանց հրահանգված վարքագծով պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակային բանավեճի դուրս գալու հրավերին: Եթե այդպես է, ապա ստացվում է, որ բարձրագույն իշխանության հովանավորությունը վայելող Ալեքսանյանը խիստ աղճատված պատկերացումներ ունի քաղաքական պայքարի ու մրցակցության վերաբերյալ: Իսկ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը Սամվել Ալեքսանյանի հետ միասին պետք է կիսի երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը:

Ըստ էության՝ իշխանությունը պատրաստ չէ քաղաքական պայքարի, և իր անպատրաստությունն արտահայտում է բիրտ ուժով՝ դրանով իսկ բացահայտելով սեփական թուլությունը: