Դատական գործընթացը բացվել է այսօր Օսլոյի շրջանային դատարանում և շարունակվելու է ավելի քան 10 շաբաթ։ Բրեյվիկին մեղադրում են կրկնակի ահաբեկչության մեջ։ Լսումներն անցնելու են անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում։
Եթե դատարանը Բրեյվիկին անմեղսունակ ճանաչի, նրան հոգեբուժական բուժում կնշանակվի։ Հակառակ դեպքում Բրեյվիկին սպասվում է 21 տարվա ազատազրկում՝ ցմահ հնարավոր երկարաձգմամբ։
Բրեյվիկը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելի վաղ՝ նախքան առաջին նիստի բացումը, նա իրեն անվանել էր «զինվորական հրամանատար» ու պահանջել, որ իր գործը քննվի ոչ թե սովորական դատարանում, այլ ռազմական տրիբունալում։
Դատական լսման սկսվելուց հետո 33-ամյա Բրեյվիկը հայտարարել է, որ չի ճանաչում նորվեգական դատարանները։ «Ես չեմ ճանաչում Նորվեգիայի դատարանները։ Դուք ձեր մանդատները ստացել եք քաղաքական կուսակցություններից, որոնք կողմ են բազմամշակութայնությանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը նախ պայթյուն իրականացրեց Օսլոյի կառավարական թաղամասում, ապա գնդակահարեց Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցներին Ուտոյա կղզում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 77 մարդ։
2011թ. նոյեմբերին դատահոգեբանական փորձաքննությունը Բրեյվիկին անմեղսունակ էր ճանաչել։ Սակայն կրկնակի բուժփորձաքննությունն անցյալ շաբաթ ապացուցեց, որ նա մեղսունակ է։ Դատարանը դիտարկելու է երկու փորձաքննությունների արդյունքներն էլ։