Իրանի դեմ պատերազմը հետաձգվում է մեկ մասով․ «Կոմերսանտ»

Ավելի վաղ վերլուծաբանները կանախատեսել էին, թե այս հանդիպումը կձախողվի՝ ճանապարհ բացելով Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Հակառակ սպասումներին՝ հանդիպման մասնակիցները իրանական ծրագրի խաղաղ բնույթի ամրապնդմանն ուղղված առաջին քայլը արեցին՝ պայամանավորվածություն ձեռք բերելով մայիսի վերջին Բաղդադում բանակցությունների շարունակման շուրջ։ Սա նշանակում է, որ Իրանի դեմ պատերազմը կանխված է կամ առնվազն հետաձգվում է, գրում է  ռուսական «Կոմերսանտ»-ը։

Հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ընթացել են ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի իշխանությունների բավական կոշտ հռետորաբանության հետնապատկերին․ Վաշինգտոնը Թեհրանին ակնարկել էր, թե դիվանագիտության «պատուհանը» փակվում է։ Այս պայմաններում ստամբուլյան հանդիպումից որևէ մեկը առաջընթաց չէր ակնկալում։ Փորձագետների մեծ մասը կանխատեսել էր, թե բանակցությունների հերթական փուլը կավարտվի կողմերի՝ խնդրի նկատմամբ իրենց դիրքորոշումների վերահաստատմամբ, և դիվանագիտական բոլոր հնարավորությունները կսպառվեն։

Թեև  Ստամբուլում զգալի առաջընթաց չարձանագրվեց, սկզբունքորեն տարբեր էր բանակցությունների մթնոլորտը, ինչը, իր հերթին, տարբերվում էր Ստամբուլի՝ անցած տարվա հունվարին կայացած բանակցությունների մթնոլորտից։ Այս անգամ հնչած հայտարարությունն արմատապես տարբերվում էր ավելի վաղ հնչած սպառնալիքներից։ Ավելին՝ կողմերը միմյանց գործողություններից գոհունակություն հայտնեցին, ինչը ևս աննախադեպ էր։

«Բանակացությունները  կառուցողական և արդյունավետ էին։ Մենք պայմանավարվածություն ենք ձեռք բերել, որ մեր հետագա գործունեության հիմքում պետք է լինի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայանգիրը։ Դրա նպատակը Թեհրանի՝ պայմանագրի շրջանակում բոլոր պարտավորությունների կատարումն է, ինչպես նաև  միջուկային էներեգիան խաղաղ նպատակով օգտագործելու Իրանի իրավունքի նկատմամբ հարգանքը», -հայտարարել է  Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը։

Աննախաադեպ էր նաև ԱՄՆ-ի հայտարարությունը։ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Բեն Ռոդսի խոսքով՝ ըստ Վաշինգտոնի՝ ստամբուլյան բանակցությունները առաջին են այն դրական քայլերից, որոնց միջոցով իրանցիները մտադիր են քննարկել իրենց միջուկային ծրագրեր։ Ըստ Ռոդսի՝ մյուս կողմից՝ դեռ վաղ է պատժամիջոցների չեղյալ հայտարարման համար։

Ինչ վերաբերում է իրանական կողմին, ըստ իրանական պատվիրակության ղեկավար, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Սաիդ Ջալիլի՝ չնայած տեսակետների տարբերությանը՝ հնարավոր է եղել առաջընթաց արձանագրել, և հաջորդ հանդիպման նպատակը պետք է փոխվստահության ամրապնդումը լինի։

«Վեցյակը» ընդունել է նաև Թեհրանի՝ բանակցությունների  հաջորդ փուլը մայիսի 23-ին Բաղդադում անցակցման մասին առաջարկը։ Սա, ըստ է ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկիի, վկայում է Իրաքի միջազգային ազդեցության մեծացման մասին։

Այսպիսով՝ Թեհրանը ժամանակ է շահել՝ անորոշ հեռանկարով մի կողմ թողնելով խնդրի լուծման ռազմական ճանապարհը։ Մի շարք փորաձագետների կարծիքով՝ Ստմբուլում հնչած առանցքային արտահայտությունը՝«վստահության վերականգնումը» այն դրոշակն է, որով կողմերը պետք է առաջ շարժվեն Բաղդադում։ Բացի այդ՝ ստամբուլյան հանդիպումը ցույց տվեց, որ ոչ միայն Իրանը, այլև «վեցյակը» ինչպես  պատրաստ չէ պատերազմին, այնպես էլ պարզապես չի ուզում պատերազմել։ Այս հարցում իր բարենպաստ ազդեցությունն են ունեցել նաև Անկարայի միջնորդական ջանքերը։ Վաշինգտոնը և Իրանը գիտակցել են, որ խաղադրույքները առավելագույն մակարդակի են բարձրացվել, և Բաղդադը ցույց կտա՝ ում նյարդերն են ամուր։ Իրանցիներն այսպիսի խաղերում անգերազանցելի վարպետներնե, ամփոփում է պարբերականը։