ՀՀԿ-ն ջախջախիչ պարտություն կկրի. Նիկոլ Փաշինյան

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չի կարող իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ. այդ դեպքում ՀՀԿ-ն ջախջախիչ պարտություն կկրի: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ և «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

«Ես կանխատեսում եմ, որ ի հեճուկս բոլոր ապօրինությունների և սպառնալիքների՝ մենք կարող ենք հասնել Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական իրականության հաստատմանը: Ես նախկինում ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ ես թշնամություն չունեմ որևէ մեկի նկատմամբ, բայց ես արձանագրում եմ՝ Սերժը, հանդուրժողականություն ասելով, նկատի ունի՝ Հայաստանը զիջենք լֆիկներին, նեմեցներին, սաշիկներին, սերժիկներին»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ սահմանադրությունն ասում է, որ ՀՀ-ն ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական պետություն է: «Իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իմ քաղաքական գործունեության նպատակն է այս դրույթները իրագործել: Ես համոզված եմ, որ կհասնենք այդ նպատակին»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ ոստիկանությունը վարկաբեկված է. «ՀՀ ոստիկանությունը 2008թ. մարտի 1-ին կորցրեց իր հեղինակությունը: Եթե այս ընտրություններին չկարողանա վերականգնել այն, փրկել իր դեմքը, դա կործանարար հետևանքներ կունենա թե՛ ոստիկանության և թե՛ Հայաստանի համար»:

Փաշինյանն ասաց, որ ընդունում է թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, ՀՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի՝ բանավեճի հրավերը և պատրաստ է այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայանալ բանավեճին:

Փաշինյանը կրկին բանավեճի հրավիրեց նաև թիվ 7 ընտրատարածքում իր մրցակից ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին: «Սամվե՛լ, արի՛ բանավիճենք, սա ընտրություն է, քաղաքականություն է, շաքար ներկրել չի, սպառողին խաբել չի: Ես էլ եմ ԱԺ պատգամավորի թեկնածու: Եկե՛ք բանավիճենք, և պարզ կդառնա, ով է ավելի արժանավոր»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել