ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` նոր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկումը բարելավելու, Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավման նպատակով: Այս մասին այսօր ստորագրվել է երկու դրամաշնորհային համաձայնագիր` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիմանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի կողմից: Ինչպես տեղեկացնում են USAID-ից, առաջին ծրագրի նպատակն է աջակցել նշված նախարարությանը` վերջերս ստեղծված «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի կարողությունների հզորացման միջոցով 2012 թվականին անցկացնելու իրազեկման արշավներ, ինչպես նաև իրականացնելու կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող ֆինանսական գրագիտության արդյունավետ ծրագրեր:
Երկրորդ համաձայնագրով ԱՄՆ ՄԶԳ-ն օժանդակություն կտրամադրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների հասանելիության և մատչելիության գնահատման, առկա թերությունների բացահայտման, ավելի լավ համակարգում ու արդյունավետություն ապահովելու ծրագրերի մշակման հարցում:
Երկու ծրագրերը 2010թ. օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ կառավարության կողմից ստորագրված Առողջապահության և սոցիալական բարեփոխումների օժանդակության համաձայնագրի մասն են: