Հայ-բելառուսական հարաբերությունները զարգանում են

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին հայ-բելառուսական հարաբերությունները զգալի զարգացում են ապրել համագործակցության տարբեր բնագավառներում: Նա ընդգծել է, որ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման համար, եւ վստահություն է հայտնել, որ կողմերը հավելյալ ջանքեր կգործադրեն այդ ուղղությամբ:

Մարտինովը եւս գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի եւ դինամիկ զարգացող համագործակցության առնչությամբ:

Երկուստեք շեշտվել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, տնտեսական փոխգործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:

Նախարարներն անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նրանց կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Մարտինովը անդրադարձել են երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցությանը, դրա դիվերսիֆիկացման հնարավորություններին, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Նրանք քննարկել են նաեւ մշակութային փոխանակումների առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Սերգեյ Մարտինովի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Մեկնաբանել