Խոսքի և գործի խզում

«Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն».

Հատված ՀՀԿ 13–րդ համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից:

«Սիրելի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նեկայացուցիչներ, ես մեկ անգամ ևս կոչով դիմում եմ ձեզ՝ ձեր քվեներով մեզ սատարելու համար: Երբ որ ես ասում եմ մեզ սատարեք, սա չի նշանակում սատարել միայն ՀՀԿ-ի համամասնական ցուցակին: Ինչպես գիտեք, մեծամասնական կարգով պատգամավորի թեկանծու է առաջադրվել նաև ձեր համայնքի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը: Բնականաբար մենք առաջադրել ենք և սատարում ենք նրան և համարում ենք, որ նա կարող է Ազգային ժողովում արժանապատվորեն ներկայացնել Մալաթիա-Սեբաստիա համայնքը».

Հատված Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին օրերին քարոզել է նաև այնպիսի հայտնի դեմքերի օգտին, ինչպիսիք են Մհեր Սեդրակյանը, գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը և, ամենայն հավանականությամբ, նույնը կանի Ռուբեն Հայրապետյանի պարագայում: Անձամբ Սերժ Սարգսյանի կողմից քարոզվող անձնավորությունները հասարակական ընկալման մեջ նույնացվում են գոյություն ունեցող համակարգի տարատեսակ արատների հետ: Համարվում է, որ նրանց նմանները խոչընդոտում են պետության բնականոն զարգացմանը: Հենց նրանք են, որ առաջնորդվում են մեծ փողի առավելությամբ և այդ մեծ փողով խեղդում են փոքր մրցակիցներին՝ լինի տնտեսության, քաղաքականության, թե հասարակության մեջ:

Վստահաբար կարելի է պնդել, որ վերոհիշյալ դեմքերը չեն համարվում ժողովրդավարական արժեքների կրողներ և չեն առաջնորդվում քաղաքական մտածողությամբ: Հետաքրքիր, թե որտեղից է այն համոզվածությունը, որ Սամվել Ալեքսանյանը կարող է արժանապատվորեն ինչ-որ համայնք ներկայացնել խորհրդարանում: Այդ նույն անձանավորությունը արդեն հասցրել է պատգամավոր լինել և երբևէ աչքի չի ընկել օրենսդրական գործունեությամբ կամ հրապարակային ելույթներով: Գուցե ժողովրդի շահերը ԱԺ-ում արժանապատիվ ներկայացնելու վերաբերյալ իշխանական վերնախավում ա՞յլ պատկերացումներ կան:

Հետաքրքիր է, թե ի՞նչն է Սերժ Սարգսյանին դրդում նախընտրական փուլում դիմել նման ոչ պոպուլյար քայլերի, որոնք ըստ էության չեն ավելացնելու ՀՀԿ-ին ինքնակամ ընտրողների թիվը: Գուցե այն գիտակցո՞ւմն է գերակայում, որ ՀՀԿ իշխանության տարիներին հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտում չի ապահովել այնպիսի ցուցանիշներ, որոնք նրան հնարավորություն կտային արդար և ազատ ընտրություններով վերարտադրվելու: Հետևաբար անհարժեշտություն է առաջացել դիմել վերը թվարկված տիպի գործիչների օգնությանը, որոնք կարող են ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովել ամենևին ոչ ժողովրդավարական մեթոդներով:

Մեկնաբանել