Ռուսաստանը ցորենի արտահանման ռեկորդ է սահմանել

Ռիլկոյի խոսքով՝ ցորենի արտահանման ծավալների նախորդ ռեկորդը սահմանվել է 2009-2010 գյուղատնտեսական տարում՝ կազմելով 18,275 մլն տ։ Նրա կանխատեսմամբ՝ 2011-2012 գյուղատնտեսական տարում Ռուսաստանից կարտահանվի և կվաճառվի 20,5 մլն տ հացահատիկ։ 

Ռիլկոյի գնահատմամբ՝ ընթացիկ գյուղատնտեսական տարում (ավարտվում է հունիսի 30-ին) ցորենի արտահանումը կկազմի 25-26 մլն տ։ Ագրարային շուկայի կոնյունկտուրային ինստիտուտի տվյալների համաձայն՝ ռուսական ցորենի գլխավոր գնորդները Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներն են, ինչպես նաև Թուրքիան։

Ռուսաստանի վարչապետ և ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանը դարձել է հացահատիկի համաշխարհային երկրորդ խոշոր արտահանողը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին հաղթահարել է 2010թ. երաշտի հետևանքները։ 2011թ. տվյալներով՝ Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գերազանցել է 95 մլն տ-ն՝ 72 մլն տ ներքին սպառման ցուցանիշի դեպքում։

Ավելի վաղ՝ 2011թ. հոկտեմբերի 10-ին, Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը հայտարարել էր, որ  Ռուսաստանը հնարավոր է բարձրացնի արտահանվող հացահատիկի մաքսատուրքերը, եթե արտահանման ծավալները գերազանցեն 24 մլն տ-ն։ Դրան անմիջապես հաջորդել էր ՌԴ գյուղատնտեսության նախարարության հայտարարությունը, որ մաքսատուրքերի բարձրացման հարցը կառավարությունը քննարկման կդնի 2012թ. սկզբին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ցորենի արտահանման էմբարգոն չեղյալ էր հայտարարել 2011թ. հուլիսի 1-ին։ Արգելքը սահմանվել էր 2010թ.։ 

Նշենք, որ անցած տարի Հայաստանն ընդհանուր առմամբ ներկրել է 350 հազ. տ ցորեն, որի մոտ 70%-ը ռուսական ծագում ունի։