Ցուցադրական օր՝ թուրք-ադրբեջանական զորավարժություններում

Փետրվարի 11-ին Կարսում անցկացվող թուրք-ադրբեջանական «Ձմեռ-2021» զորավարժություններում ցուցադրական օր է հայտարարվել․ այդ մասին փետրվարի 10-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ Անկարայից ինքնաթիռով արդեն լրագրողներ են փոխադրվել Կարս:

Ըստ տեղական աղբյուրների, վերջին տարիներին թուրքական զինված ուժերի մասնակցությամբ ամենախոշոր ձմեռային զորավարժություններին մասնակցում է 1 268 զինվորական, որից 66-ը՝ Ադրբեջանից: Գործողություններում ներառված է 190 միավոր զինտեխնիկա և 218 տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակ:

«Ձմեռ-2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը անցկացվում է փետրվարի 1-12-ը: Դրանում ներգրավված են թուրքական զինված ուժերի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարության տարբեր ստորաբաժանումներ:

Փետրվարի 11-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հրավերով մեկնել է Կարս՝ մասնակցելու զորավարժության ցուցադրական մասին: