Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում` Նիդեռլանդներում

Նիդեռլանդների «Աբովյան» մշակութային միությունում ապրիլի 13-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, բացման խոսքով հանդես է եկել այդ երկրում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` անդրադառնալով Եղեռնի հետևանքներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորությանը: «Թեև աշխարհասփյուռ հայության համառ ջանքերը, ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հանգեցրել են այդ հարցի շուրջ քննարկումների որոշ ազատականացման թուրքական հասարակության մեջ, …սակայն արխիվները շարունակում են փակ մնալ, Թուրքիայի կառավարությունը ջանք և միջոց չի խնայում իր ժխտողական մոտեցումներն առաջ մղելու, քաղաքական ճնշում գործադրելու համար, որպեսզի կանգնեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանության ժխտման քրեականացման անկասելի առաջընթացը»,-նշել է դեսպանը:

Միջոցառմանը «Հայոց ցեղասպանությունը և ժամանակակից Թուրքիայի կայացումը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր, դոկտոր Ուր Ումուտ Ունգորը: Նա անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման տնտեսական դրդիչ գործոններին` կոնկրետ օրինակներով ներկայացնելով արդեն իսկ հանրայնացված արխիվային նյութերով հիմնովին փաստվող հսկայածավալ ծրագրված ու իրականացված գործողությունները: