Բաթումի կոնսերվատորիայում ապրիլի 14-ին կայացել է Մեծ եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը` «Հիշել ցեղասպանությունը» խորագրով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբելյանը, Աջարիայի հայերի միության փոխատենապետ Արթուր Հովհաննիսյանն իրենց ելույթներում ընդգծել են համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և համընդհանուր ճանաչման կարևորությունը, թուրքական ժխտողականության դեմ հայրենիքի և Սփյուռքի ուժերը միավորելու հրամայական անհրաժեշտությունը:
Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցների սաներն ավելի քան 300 հանդիսականների ներկայացրել են գրական-գեղարվեստական բեմադրություն` 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եղերական դրվագներով, հայ ժողովրդի ապրելու և արարելու կամքը մարմնավորող ասմունքով, հայրենասիրական երգերով ու պարերով: Միջոցառումը լուսաբանվել է տեղական հեռուստաալիքներով: