Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես` Հալլեում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է գերմանական Հալլե քաղաքի քաղաքապետ Դագմար Շաբադոսի հետ: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Մարգարյանը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի պատմությունը, ինչպես նաև քաղաքային իշխանության ենթակառուցվածքները:

« Այժմ մենք համագործակցում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ` «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է կապեր հաստատել գերմանական քաղաքների հետ: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք երկկողմ համագործակցության հաստատման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ գտնել: Երևանում այսօր ձևավորված է ներդրումային ծրագրերի իրականացման համար շահավետ դաշտ»,-նշել է Տարոն Մարգարյանը, ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ համագործակցության համար:

Դագմար Շաբադոսը, ներկայացնելով Հալլե քաղաքի անցած ուղին, հույս է հայտնել, որ քաղաքների միջև գործընկերությունը կլինի բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցություն ու հրավիրել է քաղաքապետին այցելելու Հալլե և տեղում նաև փաստաթղթով ամրագրելու գործընկերային հարաբերությունների սկիզբը:

Հալլեի քաղաքապետը շնորհավորել է Մարգարյանին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ և նշել, որ Հալլեում այդ շրջանակում ապրիլի 15-ին բացվել է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:

Երեւանի քաղաքապետը հայտնել է, որ տեղյակ է, որ Հալլեի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում ավելի քան 300 տարի հայերեն է դասավանդվում, ինչպես նաև գիտական համատեղ ծրագրեր են ընթանում Մատենադարանի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ:

Հանդիպման ավարտին Մարգարյանը, որպես սկիզբ, առաջարկել է մասնագետների փոխայցեր կազմակերպել, ծանոթանալ երկու քաղաքապետարանների կառավարման համակարգերին ու ծրագրերին:

Մեկնաբանել