Հարավային Սուդանը՝ Սուդանի թշնամի

«Հարավային Սուդանի կառավարությունը թշնամի է, և Սուդանի պետական բոլոր մարմինները պետք է նրան համապատասխան կերպ վերաբերվեն»,- ասված է հայտարարությունում։ Խորհրդարանը փաստաթուղթն ընդունել է միաձայն։

Քվերակությունից հետո Սուդանի խորհրդարանի խոսնակ Ահմադ Իբրահիմ ատ Տահիրը դիմել է օրենսդիրներին՝ Հարավային Սուդանում իշխող «Սուդանի ազտագրման ժողովրդական բանակ» շարժման տապալման կոչ անելով։ Մասնավորապես՝ նա հայտարարել է, որ Սուդանը Հարավային Սուդանի կառավարության տապալմանը կուղղի բոլոր ուժերն ու ռեսուրսները։

2012թ. մարտին Ջուբայի ու Խարտումի միջև վերսկսվել է զինված հակամարտությունը՝ ամենամասշտաբայինը 1983-2005 թթ. քաղաքացիական պատերազմի տարիներից ի վեր, որի արդյունքում Հարավային Սուդանը դարձավ ինքնուրույն պետություն։ Հարավային Սուդանի անկախության հռչակումից ու ճանաչումից կարճ ժամանակ անց ծագեցին մի շարք տնտեսական և տարածքային կոնֆլիկտներ՝ հիմնականում կապված նախկին միասնական պետության նավթարդյունահանման ոլորտի վերաբաշխման հետ։

Սուդանի մասնատումից հետո հանքավայրերի հիմնական մասը հայտնվեց Հարավային Սուդանի տարածքում, սակայն նավթի արտահանման ենթակառուցվածքները մնացին հյուսիսում։ Տարանցման մաքսատուրքերի բարձրացման շուրջ վեճերի պատճառով ծագած ճգնաժամերին հետևեցին սահմանային միջադեպերը։

Ապրիլի 10-ին հարավսուդանական զորքերը զբաղեցրին սահմանամերձ Հեգլիգը, որտեղ գտնվում է Սուդանի կառավարության ձեռքում մնացած ոչ մեծաթիվ հանքավայրերից մեկը։ Ջուբան, սակայն, վիճարկում է Հեգլիգի պատկանելությունը Խարտումին։

Հարվային Սուդանը Սուդանին մեղադրում է Հեգլիգի հանքավայրերի ռմբակոծման մեջ, սակայն Սուդանի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները։

Ըստ վերլուծաբանների՝ Հեգլիգը չափազանց կարևոր նշանակություն ունի Խարտումի՝ ճգնաժամային վիճակում գտնվող տնտեսության համար։