Մեզ պետք է կոոպերացիաների իսրայելական փորձը. ԳՆ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իսրայելի պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նշված նախարարության աշխատակազմի ղեկավար Ուրի Բասոն, արտաքին կապերի վարչության պետ Արիե Ռեգևը, ՀՀ Իսրայելի պետության արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը, Իսրայելի պետության արտաքին գործերի նախարարության դեսպան Գիորա Բեչերը:

Ողջունելով հյուրերին, Սերգո Կարապետյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության այսօրվա նկարագիրն ու ցուցանիշները, նշելով, որ ի տարբերություն Իսրայելի, մեզանում ոլորտը միայն վերջին տարիներին` անկախությունից հետո է բռնել ինտենսիվ զարգացման ճանապարհ, և այստեղ մեզ խիստ անհրաժեշտ է աշխարհի, և մասնավորապես, Իսրայելի պետության, առաջադեմ փորձի կիրառումը:
 
Անդրադառնալով գյուղատնտեսության մեջ ակնկալվող գործակցության հեռանկարներին` նա առանձնակի կարևորել է Իսրայելից տոհմային երինջների և կենդանիների պատվաստանյութերի ներկրումը, Հայաստանում կենդանիների արհեստական սերմնավորման իսրայելական ծառայության ստեղծումը, ջրի խնայողական օգտագործման ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառումը` ինչպես ոռոգման համակարգում, այնպես էլ ձկնաբուծության մեջ, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրման համակարգի և գյուղատնտեսական կոոպերացիաների ստեղծման իսրայելական հարուստ փորձի օգտագործումը մեզանում:
 
«Համագործակցությունը պետք է երկկողմանի լինի, կարծում եմ, մեզ մոտ նույնպես ձեզ հետաքրքրող ոլորտներ կան, օրինակ, հայկական մրգի և բանջարեղենի, վերամշակված գյուղատնտեսական մթերքների, կոնյակի և գինիների արտահանումը Իսրայել կազմակերպելու հարցը: Աշխարհին է հայտնի, թե ինչպիսի համային և որակական հատկանիշներ ունեն դրանք: Մանավանդ, հայկական ծիրանը, որի պահանջարկը գնալով մեծանում է: Կարող ենք համակողմանի օժանդակություն ցուցաբերել նաև իսրայելցի այն գործարարներին, որոնք ներդրումներ կկատարեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում: Ինքներդ էլ կարող եք համոզվել, որ մեզ մոտ բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվել բիզնես ծրագրերի իրականացման համար»,-նշել է նախարարը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, տիկին Օրիթ Նոկեդը իր հայ գործընկերոջը հրավիրել է մայիսին կատարել պաշտոնական այցելություն Իսրայել, ուր և հնարավորություն կունենա մասնակցել նախատեսվող խոշոր գյուղատնտեսական ցուցահանդեսին:
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության ակնկալվող ուղղությունների և ծրագրերի մշակման աշխատանքային խմբերի ստեղծման և վերջիններիս համակարգողների նշանակման մասին:
Գյուղատնտեսության նախարարությունից հետո պատվիրակությունն այցելել է Եղեռնի հուշարձան, ծաղկեպսակ դրել անմեղ զոհերի հիշատակին, եղել Երևանի կոնյակի գործարանում, ծանոթացավ Մատենադարանի գանձերին, որտեղից էլ մեկնել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, արժանացել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի ընդունելությանը: Օրվա վերջին պատվիրակությանն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: