Ֆ­րան­սիա­յի և Ի­տա­լիա­յի ա­րան­քում

Հայաստանում նորից հիշել են հայկական գինիների արտահանման մասին, այն դեպքում, երբ անցած տարի արտահանվել էր արտադրանքի ընդամենը 12%-ը։ Երեկ Էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի գինեգործության ոլորտի զարգացմանը նվիրված սեմինար-քննարկմանը ռուսական «Յագուար-17» դիստրիբյուտորական ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինն ասել է, որ ռուսական շուկայում հայկական գինու առավելությունն այն է, որ նրա մասին ոչ ոք չգիտի։

Նիկիտինը նշել է, որ 2011թ. Հայաստանից արտահանվել է 1 մլն լիտրից մի փոքր ավել գինի, այն դեպքում, երբ Ռուսաստանը նույն այս ժամանակահատվածում ներկրել է 343 մլն լ։ Ռուսաստան ներկրված գինիների ծավալում Հայաստանի մասնաբաժին կազմել է ընդամենը 0,3%։ Ըստ arka.am-ի՝ Նիկիտինն ասել է, որ Ռուսաստանում հայկական գինու միջին գինը մեկ շշի համար 270 ռուբլի է (մոտ $9), ինչն այն ընդգրկում է ֆրանսիական և իտալական գինիների գնային սեգմենտում։

«Ըստ իս՝ գնային այս սեգմենտում դիրքավորումը բավական վտանգավոր է, քանի որ սպառողը սկսում է ընտրություն կատարել Ֆրանսիայի և Իտալիայի իմիջային գինեգործների միջև։ Ընդ որում՝ Հայաստանի հայտնվելն այդ խմբում բավական տարօրինակ է և ոչնչով հիմնավորված չէ»,– ասել է Նիկիտինը։ Ըստ նրա՝ հայկական գինիների առաջխաղացմանը ռուսական շուկայում խոչընդոտում է նաև այն, որ դրանք ներկրում են նույն ընկերությունները, որոնք Ռուսաստանում զբաղված են հայկական կոնյակի առաջխաղացմամբ։ Արդյունքում այս ընկերությունները մեծ ուշադրություն չեն դարձնում գինիներին։

Միևնույն ժամանակ Նիկիտինը նշել է, որ արդյունավետ մարքեթինգի դեպքում հայկական գինիները բոլոր հնարավորություններն ունեն ռուսական շուկայում սեփական նիշան գտնելու համար։ «Հայկական գինիների առավելությունն այն է, որ դրանք ռուսական շուկայում ճանաչված չեն, և կարելի է ամեն ինչ սկսել սպիտակ թղթից՝ ստեղծել հետաքրքիր լեգենդ և սկսել գինիների առաջխաղացումը»,– ասել է Նիկիտինը։ Նրա կարծիքով՝ ռուսական շուկայի վիճակը բավական նպաստավոր է հայկական գինիների առաջխաղացման համար. վրացական գինի շուկայում գրեթե չկա, իսկ մոլդովական գինիների նկատմամբ սպառողների վերաբերմունքը բացասական է։ Բացի այդ՝ հայկական գինիները կարող են առաջխաղացում ունենալ նաև մրգային գինիների սեգմենտում, քանի որ Ռուսաստան ներկրվում են հիմնականում ցածրորակ ադրբեջանական և բուլղարական մրգային գինիներ։

Նշենք, որ Հայաստանը տարեկան արտադրում է 6 մլն լ գինի։ Անցած տարի արտահանել էր ընդամենը 0,7 մլն լ։ Նշենք նաև, որ վերջին տարիներին անգամ հայկական շուկայում տեղական արտադրության գինիները սկսել են զիջել դիրքերը։ Այսպես. եթե 2010թ. Հայաստան ներկվել էր 550 հազ. լ գինի, ապա 2011թ. ներկրման ծավալներն ավելացել են 15%-ով։ Միայն վերջին չորս տարիներին Հայաստան ներկրված գինիների ծավալն ավելացել է 3 անգամ։

Մեկնաբանել