Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել հայության խնդիրների լուծմանը

Չգիտեմ՝ թերարժեքության զգացումն է, թե այլ գործոն, բայց այժմ Արցախը հեռու է մնում հայությանը հուզող տարբեր խնդիրների լուծմանը մասնակցելուց, թեև դրանց լուծումներն իր կարողությունների շրջանակում են: Խոսքն առավելապես վերաբերում է հետխորհրդային տարածքի մասամբ ճանաչված կամ չճանաչված երկրներում հայությանը վերաբերող հարցերին, որոնց Հայաստանի Հանրապետությունը շատ հաճախ չի կարող մասնակից դառնալ այդ երկրների հետ հարաբերություններ չունենալու պատճառով: Դրա փոխարեն վերոնշյալների հետ լավ հարաբերություններ ունի Արցախը, ինչը, սակայն, չի օգտագործվում հօգուտ հայության խնդիրների լուծման: Արցախի իշխանությունների մոտ գերակշռում է այն պատկերացումը, որ հայությունը պետք է օգնի Արցախին և երբեք ոչ հակառակը: Միգուցե սրանով է բացատրվում նաև, որ Արցախի նախագահը տարվա մեկ տասներորդ մասն անցկացնում է հայկական գաղթօջախներում՝ օգնություն բերելու նպատակով:

2010թ. հայաստանյան ՀԿ-ներից մեկը բաց նամակով դիմեց Արցախի նախագահին՝ խնդրելով միջնորդել Մերձդնեստրի Հանրապետության նախագահի առջև այս չճանաչված երկրում ձերբակալված հայ բլոգեր Էռնեստ Վարդանյանին ազատ արձակելու խնդրանքով: Բակո Սահակյանի աշխատակազմից նամակը բավական տարօրինակ համարեցին, քանզի բլոգերը ԼՂՀ քաղաքացի չէր, և դրա համար իրենք «ո՛չ իրավական, ո՛չ էլ իրավաբանական հիմք ունեին հարցով զբաղվելու համար»:

Հետաքրքիր կլիներ, որ Արցախին նվիրատվություններ կատարելու խնդրանքին Սփյուռքում պատասխանեին, որ իրենք ԼՂՀ քաղաքացի չեն, հետևաբար տարօրինակ են համարում նման խնդրանքները:

Հսկայական աշխատանքի անհրաժեշտություն կա նաև Աբխազիայում: Այս երկրում զգալի տոկոս կազմող հայություն կա, և նրանց հետ աշխատանքի, այդ թվում՝ հայապահպանությանն ուղղված գործունեության խնդիրն օրակարգային է: Հետևաբար՝ անհրաժեշտություն է Սուխումում Արցախի դիվանագիտական ներկայացուցչության բացումը, նաև աբխազահայության համար ԼՂՀ բյուջեից միջոցների հատկացումը:

Հայություն-Արցախ հարաբերություններում փոխադարձության սկզբունքի բացակայությունն այսօր առկա հիմնական բացթողումներից է: Դրա հիմնական մեղավորը արցախյան իշխանություններն են, որոնք այս հարաբերություններում հիմնականում հանդես են գալիս Արցախ բրենդը չարաշահողի կերպարով: Աղքատ բարեկամի կերպարի ստեղծումը լավագույն ճանապարհը չէ Սփյուռքի օժանդակությունը ստանալու համար: Սփյուռքի աջակցությունն ավելի մեծ կլինի, եթե Արցախն իր կարողությունների և ունեցած միջազգային կապերի շրջանակում հանդես գա հայության վտանգված հատվածների կամ վտանգի մեջ հայտնված առանձին հայորդիների օժանդակողի դերում:
Փոխադարձությունը և հայության խնդիրների լուծմանը մասնակից դառնալու հարցը ենթադրում են որոշակի մակարդակ և մտածելակերպ, որոնց համար, ցավոք, Արցախի իշխանությունները դեռ չեն հասունացել:

Մեկնաբանել