Խոշոր ընկերությունները, որոնք եկել են Հայաստան, տաղանդներ են փնտրում

ԱՄՆ-ում 1981թ. հիմնադրված Mentor Graphics Inc.-ը էլեկտրոնային նախագծման ավտոմատացման երրորդ խոշոր ընկերությունն է աշխարհում։ Այն հայկական շուկա մուտք է գործել 2008թ.՝ գնելով Ponte Solutions-ը։ Ներկայում ընկերությունը Հայաստանում 100 աշխատակից ունի։

-Պրն Մարկոսյան, որքա՞ն ժամանակ դեռ հնարավոր կլինի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ապահովել առավելապես աութսորսի ճանապարհով։

-Այդ ճանապարհով զարգացումը, կայունության տեսակետից, իսկապես մեր ՏՏ ոլորտի զարգացման թույլ կողմերից է։ Բայց կարծում եմ, որ այն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կլինի աութսորսը։
Հայաստանը ծրագրային ապահովման սեգմենտում գտել է իր նիշան։ Իհարկե, դեռ չի կարող մասսայական ծրագրային ապահովման աութսորսում մրցակցել Չինաստանի կամ Հնդկաստանի հետ, այդուհանդերձ Հայաստանը գտել է իր նիշան և արդեն ճանաչված է։

-Տարիներ շարունակ ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթ ու գերակա է համարվել։ Ըստ Ձեզ՝ հստա՞կ է, թե որ սեգմենտում մենք մրցակցային առավելություններ ունենք։

-Այսօր Հայաստանում զարգացած է ծրագրային ապահովման նախագծման սեգմենտը, որը կապված է չիպ դիզայնի հետ։ Այս բնագավառում Հայաստանը հայտնի է, երկրում ներկայացված են աշխարհի երեք խոշոր ընկերություններից երկուսը՝ Synopsys-ը և Mentor Graphics-ը։

Բնականաբար, սա միակ ճյուղը չէ, որտեղ Հայաստանը կարող է հաջողության հասնել։ Ինտերնետային տեխնոլոգիաներն այսօր այնպիսի մակարդակում են, որ կարելի է փոքր գումարներով և լավ թիմով բավական լուրջ ձեռքբերումներ արձանագրել։ Այստեղ պարզապես մեծ են շուկայի իմացության, ինչպես նաև հաջողակ լինելու գործոնները։

Իհարկե, լավ կլիներ, որ պետությունն ունենար ոլորտի զարգացման ռազմավարական տեսլական և ասեր՝ որ ուղղությամբ է պետք շարժվել և ներդրումներ կատարել։ Պետությունը, ցավոք, այսօր հնարավորություններ չունի նման ներդրումներ կատարելու, չունի նաև տեսլականը։

Մեկ այլ կարևոր հանգամանք ևս, որը պետք է անի պետությունը։ Խոսքը կրթական համակարգի բարելավման ու այն ընկերությունների կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանեցման մասին է։ Խոշոր ընկերությունները, որոնք եկել են Հայաստան, տաղանդներ են փնտրում։ Հայաստանյան բուհերի հիմնական խնդիրը որակյալ կադրերի պատրաստումը պիտի լինի, որպեսզի այստեղ ներկայացված ընկերությունները ինչ-որ ժամանակ անց չկորցնեն իրենց հետաքրքրությունը և չգնան Հնդկաստան և Չինաստան։

-Հայաստանյան բուհերի շրջանավարտները չե՞ն բավարարում ընկերությունների պահանջները։

-Այսօր Հայաստանում ոլորտի համար մասնագետներ է պատրաստում երեք բուհ։ Քանակի առումով շրջանավարտները շատ են, բայց առկա է որակի խնդիր։ Կարծում եմ՝ բուհերը չեն կարողանում որակյալ շրջանավարտներ տալ, քանի որ գիտական կենտրոններ չեն։ Բուհերը պետք է ավելի սերտ աշխատեն ընկերությունների հետ՝ չվերածվելով, սակայն, այդ ընկերությունների մասնիկի, ինչը երբեմն տեղի է ունենում։

Թեև առանձին ընկերություններ բուհերում իրենց կենտրոններն ունեն, ես ավելի շատ դրամաշնորհային մեխանիզմին եմ կողմնակից։ Այսինքն՝ ընկերությունները բուհի համար ինչ-որ խնդիրներ են ձևակերպում և դրանց լուծման համար գումարներ տրամադրում։ Սա համաշխարհային պրակտիկայում ընդունված ճանապարհ է։ Այդ ուղով միանգամայն հնարավոր է համալսարանները վերածել գիտական կենտրոնների։

-«ՌԱՕ Մարս»-ի տարածքում կառավարությունը ստեղծում է ազատ առևտրի գոտի։ Ըստ Ձեզ՝ այն ի՞նչ ազդեցություն կունենա ՏՏ ոլորտի վրա։

-Ես տեղյակ չեմ այդ նախաձեռնության բոլոր մանրամասներին։ Կարծում եմ՝ ծրագրային ապահովման ոլորտին այն առանձնապես մեծ օգուտներ չի բերի։

-Իսկ Գյումրիի տեխնոպարկը իրատեսակա՞ն գաղափար է։

-Անկեղծ ասած՝ այդ տեխնոպարկի գաղափարին նույնպես քաջատեղյակ չեմ։ Միայն գիտեմ, որ Instigate ընկերությունն այնտեղ խումբ ունի։ Իսկ այդ ընկերությունը ռեալ ընկերություն է և ռեալ գործ է անում։

– Կարո՞ղ է արդյոք Հայաստանն այսօր ՏՏ ոլորտի սեփական պրոդուկտով աշխարհին ներկայանալ։ Այդ ուղղությամբ ինչպիսի՞ քայլեր են կատարվում։

-Անշուշտ կարող է, և սեփական պրոդուկտ արտադրելը պետք է լինի մեր զարգացման ճանապարհը, եթե ցանկանում ենք ինչ-որ տեղ ունենալ կայուն զարգացող ոլորտ։

Ասել, թե սեփական պրոդուկտի զարգացման ուղղությամբ ընդհանրապես ոչինչ չի կատարվում, այդքան էլ ճիշտ չէ։ Ինչ-որ քայլեր, այնուամենայնիվ, ձեռնարկվում են։ Բայց դրանք պետք է նպատակային լինեն։ Հայկական պիտի լինեն ծրագրային ապահովման ընկերությունները, մայր ընկերությունները պիտի լինեն Հայաստանում, գաղափարները, տեխնոլոգիաները՝ ծնվեն Հայաստանում։

-Հայաստանում քայլեր էին ձեռնարկվում Սիլիկոնային հովտում ներկայացուցչություն ունենալու ուղղությամբ։ Որքանո՞վ է այս նախաձեռնությունը նպատակահարմար։

-Ես այդ ներկայացուցչությունից լուրջ ակնկալիքներ չունեմ։ Դրա բացումն ավելի շատ PR նպատակներ է հետապնդում, քան գործնական։ Դա իմ անձնական կարծիքն է։

Եթե հաջողվի ինչ-որ չափով շահագրգռել Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեցող ընկերություններին՝ Հայաստան գալու ու այստեղ գործունեություն ծավալելու առումով, ես միայն կողջունեմ։ Բայց մինչև հիմա բոլոր ընկերությունները, որոնք այստեղ ներկայացուցչություններ են բացել, ինչ-որ կապ են ունեցել Հայաստանի հետ՝ ունեցել են հայ աշխատողներ կամ ղեկավարներ և նրանց միջոցով են եկել Հայաստան։