696 մահացած անձանց տվյալները` ընտրացուցակներում

ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից,  հայտնաբերվել է, որ 2003-2010թ. ապրիլի 1-ը 696 մահացած անձանց անձնագրերը (դրանց բացակայության դեպքում տրվող տեղեկանքները) չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին` ինչից ելնելով էլ նրանց վերաբերյալ տվյալները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստրից ու հայտնվել են ընտրացուցակներում:

696 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն  օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում: