Համաշխարհային բանկը նոր նախագահ ունի

Պաշտոնապես իր պարտականությունների կատարմանը Կիմը կանցնի 2012թ. հուլիսի 1-ին, երբ կլրանա բանկի ներկայիս նախագահ Ռոբերտ Զելիկի լիազորությունների ժամկետը։ 

Կիմի ընտանիքը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 1959թ.։ Նա մի քանի տարի զբաղեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնը, և փորձագետները մտավախություն ունեն, որ չունենալով համապատասխան փորձ՝ Կիմը ջանքերը կկենտրոնացնի հիմնականում առողջապահության և կրթության ոլորտների զարգացման ուղղությամբ՝ գլոբալ տնտեսական աճը խթանելու և հակաճգնաժամային միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն։

Այդուհանդերձ, Կիմի հաղթանակը յուրօրինակ փոխզիջում է Վաշինգտոնի և զարգացող երկրների միջև, նշում են փորձագետները։ Զարգացող աշխարհը վաղուց էր պահանջում, որ ՀԲ-ն ղեկավարի անցումային տնտեսությունների խնդիրներին լավատեղյակ մեկը, քանի որ չգրված օրենքով ՀԲ նախագահի աթոռը մշտապես զբաղեցնում են ԱՄՆ-ի քաղաքացիները։ 

Հիշեցնենք, որ բացի Կիմից, ՀԲ նախագահի պաշտոնի համար մղվող պայքարին մասնակցում էին նաև Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի ներկայացուցիչները։ Սև մայրցամաքն առաջադրել էր Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալայի թեկնածությունը, որը շուրջ հինգ տարի զբաղեցրել է ՀԲ կառավարիչ-տնօրենի պաշտոնը։ ՀԲ նախագահի պաշտոնի երրորդ թեկնածուն Կոլումբիայի ֆինանսների և գյուղատնտեսության նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն էր։ Նրա թեկնածությունն առաջադրել էր Բրազիլիան՝ Դոմինիկյան Հանրապետության խնդրանքով։

Հատկանշական է, որ զարգացող առաջատար երկրները՝ Չինաստանն ու Հնդկաստանը, այդպես էլ թեկնածուներ չէին առաջադրել։ Ավելի վաղ ՀԲ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների թվում նշվում էին նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Սպիտակ տան տնտեսական նախկին խորհրդական Լոուրենս Սամերսի անունները։ Ավելի ուշ, սակայն, այս լուրերը հերքվեցին։